Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին, ԱՄԷ-ի խոշորագույն «Emirates» ավիաընկերությունն ուղևորներին ապահովագրություն կառաջարկի՝ խրախուսելով նրանց թռչել Դուբայ կամ օգտվել դրա տարանցիկ գոտուց։ Այս մասին «Financial Times»-ին տված հարցազրույցում հայտնել է ընկերության նախագահ Թիմ Քլարկը։

«Չնայած բազմաթիվ երկրների կառավարություններ հորդորում են խուսափել Մերձավոր Արևելք մեկնելուց, «Emirates»-ը հատուկ ապահովագրություն կառաջարկի, որպեսզի ուղևորներն իրենց անվտանգ զգան Դուբայով ճամփորդելիս»,- նշել է Քլարկը։

Նրա խոսքով՝ ավիաընկերությունն այժմ աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ՝ սեփական և մատչելի արտադրանք ներդնելու ուղղությամբ։ Այն կերաշխավորի ինչպես գումարի վերադարձը, այնպես էլ հաճախորդների անվտանգ տուն վերադարձը։ Ընդ որում, ընկերության ղեկավարն ընդգծել է, որ այս երաշխիքները կգործեն անկախ նրանից, թե ուղևորը հենց «Emirates»-ի չվերթով է ճանապարհորդում, թե՞ այլ ավիաընկերության։

Նա հավելել է, որ ընկերությունը պատրաստ է կազմակերպել նաև ուղևորների հետադարձ թռիչքը՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելով այլ ավիաընկերությունների չվերթները։ Սա արվում է այն բանի համար, որպեսզի փարատվեն ճանապարհորդների մտահոգությունները, թե հակամարտության նոր բռնկման դեպքում իրենք կարող են անելանելի վիճակում հայտնվել օդանավակայաններում։

Քլարկը նաև նշել է, որ «Emirates»-ը հրաժարվել է շահույթի վերաբերյալ նախապես սահմանված թիրախային ցուցանիշներից։ Ավիաընկերությունն այժմ ձգտում է ֆինանսական տարին փակել առնվազն առանց կորուստների, նույնիսկ եթե Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվի։

Source: https://news.am/hy/news/1042758