Ֆրանսիական իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են Դուվրի նավահանգստում սահմանին իրականացվող լրացուցիչ ստուգումներն այն բանից հետո, երբ հազարավոր զբոսաշրջիկներ Ֆրանսիա մեկնող լաստանավեր հասնելու ճանապարհին բախվել էին բազմաժամյա հերթերի, հաղորդել է BBC News-ը։

Շաբաթ առավոտյան վարորդները մինչև երկու ժամ սպասում էին միայն նավահանգստին մոտենալու համար, իսկ հետո ևս մինչև երկուսուկես ժամ է պահանջվել վերահսկողությունն անցնելու և լաստանավ բարձրանալուց առաջ ձևակերպումներն ավարտելու համար։

Ավելի ուշ իրավիճակը սկսել է բարելավվել․ օրվա կեսին սպասման ժամանակը կրճատվել է մինչև մեկ ժամից պակաս, իսկ 14:00-ից հետո երթևեկությունը գրեթե ազատ է դարձել։

Խնդիրները ծագել էին Եվրամիություն մուտքի վերահսկման նոր համակարգի՝ Entry/Exit System-ի (EES) գործարկման նախապատրաստության ֆոնին։ Այն նախատեսում է կենսաչափական ստուգում ԵՄ-ից դուրս երկրների քաղաքացիների համար, ներառյալ դեմքի սքանավորումը և մատնահետքեր վերցնելը։

Թեև Դուվրում համակարգի լիարժեք աշխատանքի համար նախատեսված սարքավորումները դեռ պաշտոնապես չեն գործարկվել, ֆրանսիացի սահմանապահներն արդեն սկսել են ճանապարհորդների տվյալները հավաքել առանց սարքերի՝ բազայում մուտքագրելու համար, ինչը կտրուկ դանդաղեցրել էր սահմանի անցումը։

Խցանումների կտրուկ աճից հետո որոշվել է ժամանակավորապես դադարեցնել լրացուցիչ ընթացակարգերը։ Սովորական անձնագրային ստուգումները, սակայն, պահպանվում են։

Ապագայում EES նոր համակարգը պետք է գործի Շենգենյան գոտու 29 երկրների բոլոր սահմանային անցակետերում։

Դուվրի նավահանգստի ղեկավար Դուգ Բանիսթերը հայտնել է, որ սպասվում էր, որ շաբաթ օրը նավահանգստով կանցնի ավելի քան 8 հազար ավտոմեքենա։ Նրա խոսքով՝ ենթակառուցվածքն արդեն պատրաստ է․ տեղադրվել են 84 տերմինալ ապագա կենսաչափական համակարգի համար, սակայն ուղևորների փաստացի մշակումը զգալիորեն ավելի դանդաղ է եղել, քան խոստացվել էր։

Խնդիրները վերաբերում էին ոչ միայն լաստանավերին։ Ֆոլքսթոունի և Կալեի միջև Լա Մանշի թունելը սպասարկող LeShuttle ընկերությունը նույնպես հայտնել է մոտ մեկուկես ժամ տևողությամբ գնացքների ուշացումների մասին՝ սահմանային դանդաղ վերահսկողության պատճառով։

Լրացուցիչ դժվարություններ են առաջացրել նաև բրիտանական երկաթուղիներում լայնածավալ վերանորոգման աշխատանքները և գործադուլները որոշ երթուղիներում։

Երկրի ճանապարհներին իրավիճակը նույնպես շարունակել է մնալ ծանր․ օրվա կեսին Անգլիայի ճանապարհային ծառայությունները հրապարակել էին 22 նախազգուշացում ավտոմայրուղիներում և խոշոր ճանապարհներին լուրջ խցանումների մասին։

Իրավիճակը սրել է նաև անոմալ շոգը։ Շաբաթ օրը Մեծ Բրիտանիայում դարձավ տարվա ամենաշոգ օրը․ Քենթ կոմսությունում ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի 30,3 աստիճանի։ Օդերևութաբանները զգուշացնում են, որ մի շարք տարածաշրջաններում ջերմաստիճանը կարող է գերազանցել 30 աստիճանը և մոտենալ մայիսյան ռեկորդներին։ Անգլիայի որոշ հատվածներում արդեն հայտարարվել են շոգի պատճառով առողջական ռիսկերի վերաբերյալ նախազգուշացումներ։

Source: https://news.am/hy/news/1037812