Եվրախորհրդարանի պատգամավորները զգուշացրել են, որ Ալբանիայի ափամերձ գոտում շքեղ զբոսաշրջային համալիրի կառուցման ծրագրերը կարող են վտանգել Եվրոպական Միությանն անդամակցելու շուրջ երկրի բանակցությունները։ Դրա մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Ալբանիայում փաստահավաք առաքելությունը գլխավորող Թինեկե Ստրիկը, գրում է The Guardian-ը։
Խոսքը մոտ 1,4 միլիարդ եվրո արժողությամբ նախագծի մասին է, որը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Կուշների աջակցությունը վայելող ընկերության հետ։ Ստրիկը նշել է, որ նախկինում պահպանվող բնական տարածքներում նախագծի իրականացումը կարող է լուրջ վնաս հասցնել ափամերձ շրջանների էկոհամակարգին։
Նա շեշտել է, որ Ալբանիայի իշխանությունները «կրակի հետ են խաղում», եթե շարունակեն նախագծի իրականացումը ներկայիս տեսքով, քանի որ դա կարող է բարդացնել ԵՄ-ին երկրի անդամակցության բանակցային գործընթացը։
Նրա բնորոշմամբ՝ Եվրամիության բնապահպանական օրենսդրությունը բանակցությունների պարտադիր տարր է, և նման նախագծերը կարող են խոչընդոտ դառնալ հանգրվանային փուլում՝ մասնավորապես բանակցային գործընթացի 27-րդ գլխի շրջանակում։
Նախագիծը երկրում զանգվածային բողոքի ցույցերի ալիք է բարձրացրել, որոնք ստացել են ոչ պաշտոնական «ֆլամինգոների հեղափոխություն» անվանումը։ Ցուցարարները կոչ անում չեղարկել շինարարությունը, իսկ Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային, որն ակտիվորեն առաջ է մղում մինչև 2030 թվականը երկրի՝ ԵՄ-ին արագացված անդամակցության կուրսը, պահանջում են հրաժարական տալ։
Եվրախորհրդարանն ավելի վաղ ընդունած բանաձևում ևս հանդես էր եկել պահպանվող տարածքների կառուցապատման դեմ և կոչ էր արել անհապաղ դադարեցնել աշխատանքները, ինչպես նաև վերանայել այն օրենսդրությունը, որը թույլ է տալիս էկոլոգիապես զգայուն գոտիներում իրականացվող նախագծերին ռազմավարական ներդրողի կարգավիճակ շնորհել։
Ստրիկը հայտարարել է, որ նախագծի շարունակման դեպքում Ալբանիան կարող է լուրջ դժվարությունների բախվել ԵՄ-ի հետ բանակցային գործընթացում, հատկապես՝ բնապահպանական ստանդարտների և բնության պահպանության պահանջների համապատասխանության մասով։
Source: https://news.am/hy/news/1047234