Եվրոպական միության խորհուրդը որոշում է ընդունել Ռուսաստանի վեց քաղաքացիների նկատմամբ սահմանափակող միջոցներ կիրառելու մասին , որոնց ԵՄ-ում կապում են քիմիական զենքի, այդ թվում՝ էպիբատիդին թույնի մշակման և տարածման հետ։

Հայտարարության մեջ նշվում է, որ եվրոպական կողմի տվյալներով, այս նյութը հայտնաբերվել է Ալեքսեյ Նավալնիի մահվանից հետո ռուսական ուղղիչ գաղութից նրա մարմնից վերցված նմուշներում, ինչը թույլ է տվել եզրակացնել, որ այս նյութով թունավորման հավանականությունը բարձր է։

Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են ռազմական ոլորտում աշխատող գիտնականներ և հետազոտողներ։ Նրանց թվում են «Սիգնալ» գիտական կենտրոնի (Signal Scientific Centre, նաև SC Signal) աշխատակիցները, որտեղ, ըստ պնդումների, իրականացվել են էպիբատիդինի սինթեզի հետազոտությունները և հրապարակվել են աշխատանքներ, ինչը, ԵՄ գնահատմամբ, կարող է վկայել որպես քիմիական զենք դրա մշակմանը մասնակցության մասին։ Մասնավորապես, սահմանափակումների տակ է հայտնվել կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Իգոր Բաբկինը։

Ցանկում ընդգրկվել է նաև Իրինա Դերևյագինան՝ Օրգանական քիմիայի և տեխնոլոգիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի քիմիական հետազոտությունների վերլուծաբանը, որը ԵՄ-ում համարում են Ռուսաստանի քիմիական զենքի ծրագրի առանցքային կառույցը։ Մեկ այլ ներգրավված անձ է դարձել Միխայիլ Գուցալյուկը՝ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ռազմական ակադեմիայի գիտական աշխատանքի կազմակերպման և գիտամանկավարժական կադրերի պատրաստման բաժնի ղեկավարը։

Ընդհանուր առմամբ, քիմիական զենքի կիրառման և տարածման դեմ ԵՄ սահմանափակող միջոցների ռեժիմն այժմ տարածվում է 31 ֆիզիկական և 6 իրավաբանական անձանց վրա։

Պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց համար նախատեսված է ակտիվների սառեցում, ինչպես նաև նրանց ցանկացած ֆինանսական կամ տնտեսական ռեսուրս տրամադրելու արգելք։ Բացի այդ, սահմանվել է Եվրոպական միության երկրների տարածք մուտքի արգելք։

ԵՄ-ում հայտարարել են, որ մտադիր են շարունակել քիմիական զենքի տարածման դեմ պայքարի քաղաքականությունը և աջակցել Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման և կիրառման արգելման ու դրա ոչնչացման մասին կոնվենցիային։

Պատժամիջոցների ռեժիմի իրավական հիմքը հաստատվել է ԵՄ խորհրդի կողմից 2018 թվականին այն բանից հետո, երբ եվրոպական առաջնորդները հայտարարեցին ցանկացած պայմաններում քիմիական զենքի կիրառման անթույլատրելիության մասին և այն ճանաչեցին միջազգային անվտանգության սպառնալիք։ Պատժամիջոցները գործում են մինչև 2026 թվականի հոկտեմբերի 16-ը և կարող են երկարաձգվել կամ ընդլայնվել։

Source: https://news.am/hy/news/1047753