Եվրամիության անդամ երկրների ղեկավարները հունիսի 18-19-ին կայանալիք գագաթնաժողովում կարող են պաշտոնապես ազդարարել Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցային գլուխների առաջին փաթեթի բացումը։ Այս մասին հանդիպման մասնակիցներին ուղղված հրավեր-նամակում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
«Ակնկալում եմ, որ մենք կկարողանանք ողջունել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության բանակցություններում գլուխների առաջին փաթեթի բացումը, ինչը կարևոր հանգրվան կդառնա դեպի ԵՄ նրանց ճանապարհին», — ասված է փաստաթղթում։
Կոշտայի խոսքով՝ այս քայլը թույլ կտա «վերջ դնել երկու երկրների բանակցային գործընթացում տևական ժամանակ ստեղծված փակուղուն» և նոր թափ կհաղորդի Եվրամիության ընդլայնման քաղաքականությանը։ Նա նաև նշել է Արևմտյան Բալկանների երկրների արձանագրած առաջընթացը և հիշեցրել վերջերս Տիվատում կայացած ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովի մասին։
Միևնույն ժամանակ, ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ ԵՄ երկրները սկսել են քննարկել Ուկրաինայի, Մոլդովայի և Բալկանների համար միությանը «երկրորդ կարգի անդամակցության» պայմանները, ինչը զգալիորեն կսահմանափակի նոր անդամների իրավունքները և նրանց կդնի Բրյուսելի խիստ վերահսկողության տակ։
Կոշտայի խոսքով՝ Ուկրաինան լինելու է հանդիպման կենտրոնական թեմաներից մեկը։ Նախքան քննարկումների մեկնարկը՝ տեսակապի միջոցով ԵՄ առաջնորդների հետ խոսելու է նաև Վլադիմիր Զելենսկին։
Եվրոպական խորհրդի նախագահն ավանդույթի համաձայն նշել է, որ միության երկրները մտադիր են շարունակել Կիևին աջակցելու կուրսը։ Անօդաչու թռչող սարքերի հետ կապված վերջին միջադեպերից հետո առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու անվտանգության հարցերին։ Նամակում նշվում է, որ «վերջերս ԵՄ օդային տարածք, այդ թվում՝ Ռումինիա, անօդաչու սարքերի ներխուժումներն ընդգծում են պաշտպանունակության ամրապնդման մեր ընդհանուր օրակարգն առաջ մղելու հրատապությունը, ներառյալ՝ ԵՄ արևելյան թևի ուժեղացումը»։
Բացի այդ, գագաթնաժողովում նախատեսվում է քննարկել Եվրամիության՝ 2028-2034 թվականների բազմամյա նոր բյուջեն։ Կոշտան կոչ է արել առաջնորդներին կենտրոնանալ ապագա համաձայնագրի առանցքային չափանիշների վրա, ներառյալ՝ ԵՄ սեփական եկամուտների նոր աղբյուրների որոնումը։
Հանդիպման օրակարգում ներառված են նաև եվրոպական տնտեսության մրցունակությանը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, միգրացիային և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին առնչվող հարցեր։
Source: https://news.am/hy/news/1042783