Գերմանիան, Նորվեգիան, Նիդեռլանդները և Եվրոպական միությունը երեքշաբթի կանչել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցիչներին այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարեց Կիևի թիրախներին հարվածելու ծրագրերի մասին և օտարերկրացիներին, այդ թվում՝ դիվանագետներին, կոչ արեց լքել քաղաքը, հաղորդում է Reuters-ը։

Նախօրեին Մոսկվան հայտարարել էր Կիևում ուկրաինական ռազմական օբյեկտներին և որոշումների ընդունման կենտրոններին հարվածներ հասցնելու մտադրության մասին։

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը կանչել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին, երեքշաբթի հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության խոսնակը:

«Ռուսական սպառնալիքներն օտարերկրացիների և դիվանագետների հասցեին՝ Կիևը լքելու պահանջով, անընդունելի էսկալացիա են»,- X սոցիալական ցանցում գրել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերը՝ Մոսկվային կոչ անելով «դադարեցնել հարվածները քաղաքացիական բնակչությանը»։

Նա հավելել է, որ ԵՄ ներկայացուցչությունը մնում է Կիևում։

Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարտ Էյդեն հայտնել է, որ կանչել է Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կորչունովին՝ «Ուկրաինայում օտարերկրյա անձնակազմի հասցեին ուղղակի սպառնալիքների» կապակցությամբ։

Շվեդիան ևս կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ «դատապարտելու Ռուսաստանի կեղծ հայտարարությունները Հյուսիս-բալթյան տարածաշրջանում օդային տարածքի խախտումների վերաբերյալ, ինչպես նաև Լատվիայի և տարածաշրջանի այլ երկրների հասցեին Ռուսաստանի հնչեցրած սպառնալիքները»։

Source: https://news.am/hy/news/1038594