ԵՄ մուտքի և ելքի նոր թվային համակարգը (EES) ներդրման փուլում բախվում է տեխնիկական խնդիրների։ Դրա մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է Politico-ն։
Ըստ նրա՝ Եվրահանձնաժողովն անդամ երկրների հետ համատեղ աշխատում է խափանումների վերացման ուղղությամբ։
EES համակարգը, որը նախատեսում է ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների կենսաչափական տվյալների պարտադիր գրանցում, անհանգստություն է առաջացնում անցյալ տարի գործարկվելու պահից ի վեր։ Ամառային զբոսաշրջային սեզոնի ֆոնին խնդիրներն ավելի են սրվել. օդանավակայաններն ու ավիաընկերությունները հայտնում են բազմաժամանոց հերթերի, աշխատանքի խափանումների և բաց թողնված տրանսֆերային չվերթների մասին։
Ֆոն դեր Լյայենը նշել է, որ անսարքությունների վերացման համար «դեռևս պետք է զգալի ջանքեր գործադրվեն», թեև ավելի վաղ Եվրահանձնաժողովից հայտարարում էին, որ համակարգի ազդեցությունն օդանավակայանների մեծ մասում սահմանափակ է։
Ավելի վաղ Հանձնաժողովը պնդում էր, որ գրանցման ընթացակարգը տևում է մոտ 70 վայրկյան, սակայն ավիաընկերություններն ու օդանավակայանները կոչ են արել նույնիսկ կասեցնել համակարգի ներդրումը սեզոնի թեժ շրջանում՝ մատնանշելով հսկիչ կետերի ծանրաբեռնվածությունը։
Միաժամանակ Եվրահանձնաժողովում ընդգծում են, որ EES-ը բարձրացնում է անվտանգության մակարդակը. Բրյուսելի տվյալներով՝ համակարգի գործարկումից ի վեր հայտնաբերվել են հարյուրավոր, իսկ ավելի ուշ՝ մոտ հազար մարդ, որոնք սպառնալիք են ներկայացնում ԵՄ անվտանգությանը։
Source: https://news.am/hy/news/1047728