Ամերիկյան Google կորպորացիան վերջնականապես պարտվել է դատական բողոքարկումը ռեկորդային տուգանքի գործով, որը սահմանել էին Եվրոպական Միության հակամենաշնորհային մարմինները՝ բջջային օպերացիոն համակարգերի շուկայում գերիշխող դիրքի չարաշահման համար, հայտնում է DW-ն:

Լյուքսեմբուրգում Եվրոպական Միության դատարանը հինգշաբթի մերժել է Google-ի և նրա մայր Alphabet ընկերության բողոքը՝ հաստատելով տուգանքի օրինականությունը, որը կապված է Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերում Google Search-ի առաջխաղացման գործելակերպի հետ։

Դատական գործընթացը սկսվել է 2018 թվականին, երբ Եվրահանձնաժողովը եզրակացրեց, որ ընկերությունը սահմանափակել է Android օգտագործող սմարթֆոններ արտադրողներին և կապի օպերատորներին՝ իր որոնողական համակարգի դիրքերն ամրապնդելու նպատակով։ Կարգավորող մարմինը սկզբնապես 4,34 միլիարդ եվրոյի տուգանք էր սահմանել։

2022 թվականին Եվրոպական ընդհանուր իրավասության դատարանը հաստատեց Եվրահանձնաժողովի եզրակացությունները, սակայն նվազեցրեց տուգանքի գումարը,հասցնելով 4,125 միլիարդ եվրոյի։ Google-ը փորձեց վիճարկել այդ որոշումը՝ պնդելով, որ առաջին ատյանի դատարանը սխալներ է թույլ տվել գործի հանգամանքները գնահատելիս, սակայն ԵՄ բարձրագույն դատական ատյանը պաշտպանեց հակամենաշնորհային մարմինների դիրքորոշումը։

Ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ որոշումն անհիմն է՝ նշելով, որ դատարանը հաշվի չի առել Google-ի ներդրումները Android-ի զարգացման և բաց լինելու գործում։ Կորպորացիայում նաև ընդգծել էին, որ սեփական ծառայությունների առաջխաղացման նմանատիպ գործելակերպ կիրառում են նաև տեխնոլոգիական այլ խոշոր ընկերություններ։

Այս գործը դարձավ ԵՄ-ի և Google-ի միջև խոշորագույն հակամենաշնորհային դատական վեճերից մեկը։ Reuters-ի տվյալներով՝ տվյալ տուգանքը ռեկորդային է եվրոպական հակամենաշնորհային կարգավորման պատմության մեջ։ Վերջին տասնամյակում Google-ը մրցակցության խախտման տարբեր գործերով ԵՄ-ում ընդհանուր առմամբ տուգանվել է գրեթե 11 միլիարդ եվրոյով։

Source: https://news.am/hy/news/1047451