Եվրոպական Միության բնակչության թվաքանակի աճը, ինչպես սպասվում է, կշարունակվի ևս մի քանի տարի, այնուհետև մի քանի տասնամյակների ընթացքում այն կկրճատվի, նշում են Եվրահանձնաժողովի Համատեղ հետազոտական կենտրոնի աշխատակիցները։ Գիտնականների կանխատեսմամբ՝ ԵՄ բնակչությունը, որն այսօր կազմում է 450,6 միլիոն մարդ, 2029 թվականին կհասնի իր գագաթնակետին՝ 453,3 միլիոնի, իսկ հետո մինչև 2100 թվականը կկրճատվի մինչև 398,8 միլիոնի՝ հասնելով 1970-ական թվականների ցուցանիշներին։

Ընդ որում, սպասվում է, որ կյանքի միջին տևողությունը, որը 2024 թվականին կազմում էր 81,5 տարի, մինչև 2100 թվականը կանանց համար կավելանա մինչև 90 տարի, իսկ տղամարդկանց համար՝ մինչև 86 տարի, գրում է DW-ն։ Ըստ այդ հաշվարկների՝ եթե այսօր 65 տարեկան և բարձր տարիքի մարդիկ կազմում են ԵՄ բնակչության շուրջ 20 տոկոսը, ապա մինչև 2050 թվականը այդ ցուցանիշը կհասնի մեկ երրորդի։

Գիտնականների կարծիքով՝ ժողովրդագրական փոփոխությունների որոշ հետևանքներ կարելի է մեղմել ներգաղթի հաշվին, սակայն դա չի կարող ամբողջությամբ լուծել ծերացող հասարակության խնդիրները։ Եվրահանձնակատար Դուբրավկա Շույցան հայտարարել է «լուրջ մարտահրավերների» մասին, մասնավորապես՝ որակյալ կադրերի պակասը, բյուջեի, ինչպես նաև խնամքի և կրթության համակարգերի վրա ընկնող ծանրաբեռնվածությունը։

Source: https://news.am/hy/news/1049820