Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն օկուպացված պաղեստինյան տարածքներում գտնվող իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը արգելելու հնարավորությունը։ Սակայն, ինչպես ակնկալվում է, անդամ պետությունների միջև պահպանվող տարաձայնությունների պատճառով որևէ որոշում չի ընդունվի։

The Guardian պարբերականի տվյալներով, Եվրահանձնաժողովը պատրաստել է սահմանափակումների երեք հնարավոր տարբերակ՝ բնակավայրերից ապրանքների ներմուծման ամբողջական կամ մասնակի արգելք, բարձր մաքսատուրքերի սահմանում, որոնք նման առևտուրը կդարձնեն տնտեսապես ոչ շահավետ, կամ հատուկ ներմուծման լիցենզիաների համակարգ։

Փաստաթղթում նշվում է, որ նման ցանկացած միջոց կարող է էապես ազդել ԵՄ-ի և Իսրայելի հարաբերությունների վրա, հատկապես Իսրայելում առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆոնին, որոնք պետք է անցկացվեն մինչև հոկտեմբերի վերջ։

ԵՄ առնվազն տասը երկիր, այդ թվում՝ Բելգիան, Նիդեռլանդները և Իսպանիան, կարծում են, որ Եվրամիությունը պարտավոր է դադարեցնել առևտուրը իսրայելական բնակավայրերի հետ՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2024 թվականին հրապարակված խորհրդատվական եզրակացությունից հետո։ Դատարանն այն ժամանակ կոչ էր արել Իսրայելին հնարավորինս շուտ դադարեցնել պաղեստինյան տարածքների օկուպացիան և հայտարարել էր, որ պետությունները պետք է կանխեն առևտրային և ներդրումային հարաբերությունները, որոնք նպաստում են անօրինական իրավիճակի պահպանմանը։

Միջազգային իրավունքի ավելի քան 100 մասնագետներ նույնպես դիմել են Եվրահանձնաժողովին՝ հայտարարելով, որ բնակավայրերի հետ առևտրի արգելքը ԵՄ-ի միջազգային-իրավական պարտավորությունն է։

Միևնույն ժամանակ, իրավապաշտպան կազմակերպությունները մեղադրում են Բրյուսելին գործընթացը ձգձգելու մեջ։ Ըստ Human Rights Watch-ի ներկայացուցիչների, անօրինական բնակավայրերի հետ առևտրի արգելքը քաղաքական ընտրության հարց չէ, այլ միջազգային իրավունքի պահանջ։

Չնայած դրան՝ մոտ ժամանակում որոշման ընդունումը քիչ հավանական է։ ԵՄ-ում շարունակվում են վեճերն այն մասին, թե արդյոք նման արգելքը կարող է հաստատվել որակավորված մեծամասնությամբ, թե դրա համար կպահանջվի միության բոլոր երկրների միաձայն աջակցությունը։

Source: https://news.am/hy/news/1049381