Ելիսեյան պալատում վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ խուզարկություններ են անցկացվել հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում, որը կապված է պետական պանթեոնացման արարողությունների՝ Ֆրանսիայի ականավոր գործիչների աճյունների հանդիսավոր տեղափոխումը Պանթեոն կազմակերպման հետ, հաղորդում է BFMTV-ն։
Ինչպես հայտնել է Ֆրանսիայի Ազգային ֆինանսական դատախազը (PNF), մայիսի 21-ին քննիչները խուզարկություններ են իրականացրել երկրի նախագահի աշխատակազմի տարածքներում՝ Ֆրանսիայի ազգային հուշարձանների կենտրոնի (CMN) անցկացրած արարողությունների կազմակերպման պետական պայմանագրերի բաշխման պայմանների հետաքննության շրջանակում։
Հետաքննությունը պաշտոնապես բացվել էր դեռևս 2025 թվականի հոկտեմբերին՝ հովանավորչության, շահերի անօրինական բախման, կոռուպցիայի և ազդեցության չարաշահման կասկածանքով։ Գործի կենտրոնում է «Shortcut Events» միջոցառումների կազմակերպման ընկերությունը, որը, քննության տվյալներով, 22 տարի շարունակ գրեթե առանց ընդհատումների պայմանագրեր է ստացել պանթեոնացման արարողությունների կազմակերպման համար։
Le Canard Enchaîné երգիծական պարբերականի տեղեկություններով՝ յուրաքանչյուր նման արարողություն ֆրանսիական պետության վրա նստել է մոտավորապես 2 միլիոն եվրո։ Քննիչները փորձում են պարզել՝ արդյոք ընկերությունը պայմանագրերը ստացել է արտոնյալ պայմաններո՞վ՝ պետական համակարգի ներսում ունեցած կապերի շնորհիվ։
Սա քննության՝ Ելիսեյան պալատ մուտք գործելու արդեն երկրորդ փորձն է։ Առաջինը տեղի էր ունեցել ապրիլի 14-ին, սակայն այն ժամանակ ֆինանսական քննիչներին ու դատախազներին թույլ չէին տվել ներս մտնել։ Նախագահի աշխատակազմը հղում էր արել Ֆրանսիայի Սահմանադրության 67-րդ հոդվածին, ըստ որի՝ հանրապետության նախագահն իր լիազորությունների կատարման ընթացքում օժտված է հատուկ անձեռնմխելիությամբ։
Այս հոդվածը փաստացիորեն արգելում է նախագահի նկատմամբ ցանկացած քննչական գործողություն նրա մանդատի գործողության շրջանում, ներառյալ՝ հարցաքննությունները, դատական ընթացակարգերը և քննչական այլ միջոցառումները։ Հենց այդ մեկնաբանության հիման վրա էլ Ելիսեյան պալատի ներկայացուցիչներն այն ժամանակ հայտարարել էին նախագահական աշխատակազմի տարածքների «անձեռնմխելիության» մասին։
Ընթացիկ խուզարկությունները, ինչպես հստակեցնում է դատախազությունը, հնարավոր են դարձել քննության և Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի միջև տեղի ունեցած նախնական «ինստիտուցիոնալ բանակցություններից» հետո։
Ելիսեյան պալատում վերջին աղմկահարույց խուզարկությունը կատարվել էր 2018 թվականին Ալեքսանդր Բենալայի՝ Էմանուել Մակրոնի անվտանգության ծառայության նախկին աշխատակցի գործով, որը մեղադրվում էր ցուցարարներին ծեծի ենթարկելու մեջ։
Source: https://news.am/hy/news/1037611
World
Ելիսեյան պալատում խուզարկություններ են իրականացվել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։