Հարավային Ամերիկայի արևադարձային անտառները, ներառյալ Ամազոնյան սելվան, կարող են կորցնել մթնոլորտից ածխաթթու գազ կլանելու ունակությունը կլիմայական էքստրեմումների ուժեղացման պատճառով, զգուշացնում են գիտնականները։
Իրենց եզրակացությունները հետազոտողները հրապարակել են Nature Climate Change ամսագրում։
Ամազոնիայի անտառը մոլորակի ածխածնի ամենամեծ ցամաքային պահեստն է՝ այնտեղ պահվում է մոտ 123 միլիարդ տոննա ածխածին։ Ֆոտոսինթեզի գործընթացի շնորհիվ ծառերը կլանում են CO₂-ն և այն վերածում կենսազանգվածի՝ օգնելով դանդաղեցնել կլիմայի փոփոխությունը։
Սակայն գիտնականների միջազգային խմբի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուժեղ Էլ Նինյոյի ժամանակ Հարավային Ամերիկայի արևադարձային անտառները կարող են գրեթե դադարել կատարել ածխածնի կլանիչի դեր։
Անոմալ տաքացման և երկարատև երաշտների ժամանակ ծառերը փակում են տերևների ծակոտիները՝ խոնավությունը պահպանելու համար։ Սա նվազեցնում է աճի համար անհրաժեշտ ածխաթթու գազի մուտքը։ Միաժամանակ, մեծանում է ծառերի կորստի վտանգը, իսկ դրանց քայքայումից հետո կուտակված ածխածինը վերադառնում է մթնոլորտ։
Հարավային Ամերիկայի վեց երկրներում ավելի քան 30 տարվա ընթացքում ուսումնասիրված ավելի քան 500 հազար ծառերի վերլուծությունը ցույց է տվել, որ հատկապես խոցելի են Ամազոնիայի ծայրամասային անտառները, որտեղ կլիման արդեն ավելի շոգ և չոր է։
Գիտնականները նշել են, որ 2015–2016 թվականների հզոր Էլ Նինյոյի ընթացքում արևադարձային անտառների որոշ հատվածներ փաստացի դադարել են կլանել ածխածին։ Հատկապես շատ են տուժել խոշոր ծառերը. դրանց կորստի մակարդակը զգալիորեն աճել է սովորական շրջանների համեմատ։
Հետազոտողները դա կապում են ոչ միայն աճի համար ածխածնի պակասի, այլև այսպես կոչված հիդրավլիկ սթրեսի՝ էքստրեմալ շոգի և չորության պատճառով ծառերի ներսում ջրի շարժի խախտման հետ։
Գիտնականները զգուշացնում են, որ տաքացման նոր ալիքների, ավելի հաճախակի ուժեղ Էլ Նինյոյի և երաշտների արդեն կուտակված ազդեցության համադրությունը կարող է հանգեցնել անտառների լայնածավալ կորուստների և ածխածնի արտանետումների։
Եթե արևադարձային անտառները դադարեն կլանել CO₂-ն և սկսեն դառնալ դրա աղբյուրը, դա կարող է լրջորեն բարդացնել կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարը։ Ամազոնիայի պահպանումը և ջերմաստիճանի աճի սահմանափակումը մնում են առանցքային պայմաններ՝ որպես կլիմայի բնական կարգավորիչ նրա դերը պահպանելու համար։
Source: https://news.am/hy/news/1049289