Եվրոպական հանձնաժողովը գործարկել է Copernicus տիեզերական մոնիթորինգի ծառայությունը՝ Ալմերիա նահանգում բռնկված լայնամասշտաբ անտառային հրդեհի դեմ պայքարում Իսպանիային աջակցելու համար: Դրա մասին հայտնել է ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով եվրահանձնակատար Հաջա Լահբիբը:

Նա նշել է, որ Copernicus-ի արբանյակային ռեսուրսները իսպանական իշխանություններին կօգնեն հետևել կրակի տարածմանը, գնահատել արտակարգ իրավիճակի մասշտաբները և որոշել հասցված վնասը։

«Մենք գործարկել ենք Copernicus-ի քարտեզագրական ծառայությունը՝ արբանյակային պատկերներ տրամադրելու համար, որոնք տեղական իշխանություններին կօգնեն հետևել հրդեհի մասշտաբներին և գնահատել հասցված վնասը»,- հայտարարել է Լահբիբը:

Եվրահանձնակատարը նշել է նաև, որ Եվրոպական Միությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ օգնություն տրամադրել Իսպանիային։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավարը և Եվրախորհրդի նախագահը ցավակցություն էին հայտնել Իսպանիային՝ անտառային հրդեհների հետևանքների կապակցությամբ։

Վերջին տվյալներով՝ Անդալուսիայի Լոս Գալյարդոս շրջանում բռնկված խոշոր անտառային հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, 23 մարդու ճակատագիրն էլ դեռևս անհայտ է։

Source: https://news.am/hy/news/1049187