Եվրոպան համակած էքստրեմալ շոգի ալիքը ցույց է տալիս ԵՄ «կանաչ քաղաքականության» քննադատների և կլիմայական թերահավատների մոլորություններից հրաժարվելու անհրաժեշտությունը։ Դրա մասին The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է մաքուր, արդար և մրցունակ անցման հարցերով Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Տերեսա Ռիբերան, հայտնում է «Европейская правда»-ն։

Ըստ Ռիբերայի՝ ներկայիս եղանակային անոմալիաները «դրամատիկ նախազգուշացում» են կլիմայական համակարգի փոփոխության հետևանքների մասին և դրա պատճառների վերացմանն ուղղված անբավարար գործողությունների արդյունք։

Նա քննադատել է հանածո վառելիքի արդյունաբերության ազդեցությունը և «սուտ» է անվանել այն պնդումները, թե իբր ԵՄ կլիմայական քաղաքականության, ներառյալ՝ «կանաչ կուրսի» նկատմամբ հանրային աջակցությունը նվազել է։

Ռիբերան ընդգծել է, որ քաղաքացիներն, իր կարծիքով, ակնկալում են մաքուր ջուր, մաքուր օդ և կայուն էկոհամակարգեր, այլ ոչ թե աղտոտման և էքստրեմալ շոգի հետևանքներ։ Նա միաժամանակ կոչ է արել չենթարկվել շահագրգիռ խմբերի ճնշումներին, որոնք, նրա բնորոշմամբ, փորձում են խարխլել կլիմայական քաղաքականությունը հանուն կարճաժամկետ օգուտների։

Source: https://news.am/hy/news/1046744