Տպավորիչ բացահայտումը արվել է Եգիպտոսի միջերկրածովյան ափին՝ Մարինա էլ-Ալամեյն շրջանում, Ալեքսանդրիայից մոտ 100 կիլոմետր դեպի արևմուտք։ Ինչպես հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը, հնագետներն ընդհանուր առմամբ հայտնաբերել են հունա-հռոմեական ժամանակաշրջանի տասնութ գերեզմանատուն։ Ենթադրվում է, որ այս վայրում գտնվել է հին Լևկասպիս նավահանգիստը, որը բարգավաճել է հելլենիզմի և բյուզանդական դարաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում։
Մոտ 2,5 մետր երկարությամբ գրանիտե սարկոֆագներից մեկի նույնիսկ կափարիչն է պահպանվել։ Դա վկայում է նրա մասին, որ դամբարանը կնքված է մնացել գրեթե 2000 տարի։ Դամբարանների ներսում հնագետները հայտնաբերել են մարդկային մնացորդներ, խեցեղեն, ամֆորաներ և թաղման այլ պարագաներ, գրում է գերմանական Bild պարբերականը։ Ամենանշանակալի գտածոների թվում են ոսկյա 24 առարկաները, որոնք տեղադրված են եղել մի քանի հանգուցյալների բերանում։ Այս ոսկյա իրերը կոչված էին հեշտացնելու ննջեցյալների անցումը դեպի անդրշիրիմյան աշխարհ։
Source: https://news.am/hy/news/1048165