ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ եվրոպական երկրները չափազանցնում են էքստրեմալ շոգի սպառնալիքը և պետք է հաշվի առնեն, որ ցածր ջերմաստիճանը հանգեցնում է ավելի մեծ թվով մահերի, հաղորդում է «Politico» պարբերականը։
Ելույթ ունենալով «Alliance for Responsible Citizenship» կոնֆերանսում, որտեղ հավաքվում են ազդեցիկ պահպանողական քաղաքական ու հասարակական գործիչներ, Ռայթը նշել է, որ «ձմռանն ավելի շատ մարդ է մահանում, քան ամռանը, քանի որ ցուրտը զգալիորեն ավելի մահաբեր գործոն է, քան շոգը»։
Նա նաև հղում է արել 2022 թվականին Եվրոպայում տեղի ունեցած էներգետիկ ճգնաժամի հետևանքներին, որն առաջացել էր Ուկրաինայում հակամարտության սկսվելուց և ռուսական գազի մատակարարումների կրճատումից հետո էներգակիրների գների աճի պատճառով՝ հավելելով, որ այն ժամանակ մահացության աճը «կործանարար» է եղել։
Նախարարի հայտարարությունները հնչել են Եվրոպայում արձանագրված ռեկորդային շոգի ֆոնին, որը հանգեցրել է էներգահամակարգերի գերբեռնվածության, դպրոցների փակման, տրանսպորտի խափանումների և գերտաքացման հետ կապված արտակարգ իրավիճակների թվի աճի։ Հետազոտողների գնահատականներով՝ Եվրոպայում տեղի ունեցած շոգի նախորդ ալիքներից մեկի ժամանակ ավելի քան 60 հազար մարդ է մահացել։
Ռայթը նաև ընդգծել է, որ կլիմայի փոփոխությունն, իր կարծիքով, «դանդաղ զարգացող գործընթաց» է, որն ի վերջո կլուծվի տեխնոլոգիական առաջընթացի հաշվին, իսկ այսօր էներգետիկ քաղաքականության հիմնական գործոնը շարունակում է մնալ բնական գազը։
Նրա հայտարարությունները հարուցել են կլիմայագետների քննադատությունը, ովքեր նշում են, որ ցրտից և շոգից մահացության համեմատությունը կորեկտ չէ հաշվարկի մեթոդաբանության տարբերությունների պատճառով, ինչպես նաև մատնանշում են, որ համաշխարհային տաքացման ֆոնին ծայրահեղ շոգը դառնում է ավելի հաճախակի ու վտանգավոր երևույթ։
Փորձագետները նաև շեշտում են, որ Եվրոպայում շոգի հետ կապված մահերի թիվն աճում է, մինչդեռ հովացման համակարգերի հասանելիությունը դեռևս սահմանափակ է, հատկապես օդորակման քիչ զարգացած ենթակառուցվածքներ ունեցող երկրներում։
Source: https://news.am/hy/news/1046256