Փիլիսոփա Ալեքսանդր Դուգինն առաջարկել է էլ ավելի խստացնել Ռուսաստանի քաղաքացիների հասանելիությունը համացանցին և այն դարձնել չափաբաժիններով, որպեսզի մարդիկ չկորցնեն իրենց ինքնությունն ու ապրեն իրական կյանքով։ «Ռուսներին համացանցը պետք է տալ չափաբաժնով՝ լավ վարքի համար», — հայտարարել է Դուգինը։ Նրա խոսքով՝ ձմռանը ցանցից օգտվելու հնարավորություն կարելի է ավելի հաճախ տալ, քանի որ մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում տանը, իսկ գարնանն ու ամռանը՝ սահմանափակել կամ առհասարակ անջատել, որպեսզի ռուսներն ավելի շատ շփվեն դեմ առ դեմ և ժամանակն անցկացնեն օֆլայն տիրույթում։

Ավելի վաղ նա հայտարարել էր, թե ընկերների հետ կարելի է շփվել նաև առանց համացանցի, և առաջարկել էր «լուսամուտների տակ սուլել» ու ինքնագլորներ քշել։ «Եթե համացանցն ընդհանրապես անջատենք, հատկապես գարնանը, մարդիկ կսկսեն զբոսնել, հանդիպել, շփվել, սրճարաններ ու խանութներ գնալ, նոր ծանոթություններ հաստատել ու ապրել իսկական մարդկային կյանքով։ Իսկ համացանցը կարելի է նորից միացնել ուշ աշնանը։ Ռուսաստանում համացանցը պետք է հարմարեցվի արջերի ու թիթեռների սեզոնային ցիկլերին», — գրել է Դուգինը։

Փիլիսոփան բազմիցս առաջարկել է ուժեղացնել հասարակության նկատմամբ պետական վերահսկողությունը և ռուսներին կոչ է արել դրան վերաբերվել որպես անխուսափելի իրականության։ Նրա խոսքով՝ ավելի լավ է, որ այդ վերահսկողությունն իրականացնի սեփական պետությունը, այլ ոչ թե արտաքին ուժերը։ «Եթե մերը չլինի, կլինի օտարինը։ Այո՛, մենք այսպիսի աշխարհում ենք ապրում, ձեզ համար ուրիշ աշխարհ չունենք», — գրում է Դուգինը։ Նա նաև հայտարարել է, որ վերահսկողության իսպառ բացակայության գաղափարը թեև գրավիչ է թվում, բայց ուտոպիստական է։

Source: https://news.am/hy/news/1038118