Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կամավոր հրաժարվել է պատգամավորական անձեռնմխելիությունից՝ Polska Suwerenna ինստիտուտի (նախկին արդարադատության նախարար Զբիգնև Զյոբրոյին առնչվող հիմնադրամ) ներկայացրած դատական հայցի առնչությամբ։ Այդ տեղեկությունը Wirtualna Polska պարբերականի մեկնաբանության մեջ հաստատել է կառավարության մամուլի քարտուղար Ադամ Շլապկան:

Ըստ Շլապկայի՝ կառավարության ղեկավարը պատրաստ է դատական քննությանը և դատարանում «առճակատմանը»։

Հայցը վերաբերում է զրպարտության մեղադրանքներին, որոնք հիմնադրամը ներկայացրել է այն բանից հետո, երբ Տուսկը հայտարարել էր սնանկացած Zondacrypto կրիպտոարժութային բորսայի հետ ինստիտուտի հնարավոր կապերի մասին։ Վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ հիմնադրամին իբր ուղղված միջոցների մի մասը կարող էր օգտագործվել քրեական գործերով առանձին կասկածյալների իրավական պաշտպանությունը ֆինանսավորելու համար։

Կառավարությունում պնդում են, որ հիմնադրամի մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, իսկ Zondacrypto-ին առնչվող կառույցների կողմից ֆինանսավորումն իսկապես տեղի է ունեցել և օգտագործվել է կրիպտոարժույթների շուկայի կարգավորման դեմ ուղղված քաղաքականապես մոտիվացված գործունեության համար։

Հիմնադրամի ներկայացուցիչները հերքում են այդ պնդումները՝ դրանք անվանելով «սուտ և զրպարտություն», և հայտարարում են, որ կազմակերպությունը երբեք միջոցներ չի ստացել նշված կրիպտոհարթակից։ Նրանք պնդում են նաև, որ վարչապետի հայտարարություններն ընդդիմախոսների վրա ճնշում գործադրելու և նրանց վարկաբեկելու փորձ են։

Zondacrypto-ի շուրջ ծագած սկանդալն ավելի վաղ դարձել էր Լեհաստանի խոշորագույն ֆինանսական գործերից մեկը. քննության տվյալներով՝ տասնյակ հազարավոր ներդրողներ կարող էին կորցնել հարյուր միլիոնավոր զլոտիներ։ Դատախազությունը հետաքննում է հնարավոր խախտումները, ներառյալ՝ փողերի լվացումը և կապերը կազմակերպված հանցավորության հետ։

Տուսկի հայտարարություններին առնչվող գործն այժմ կարող է անցնել դատական փուլ։

Source: https://news.am/hy/news/1047456