Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակն ու Իրանի միջուկային ծրագիրը կլինեն Դոհայում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև ընթացող անուղղակի բանակցությունների օրակարգում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին։

«Հորմուզի նեղուցի խնդիրը, անշուշտ, ընթացող բանակցությունների առանցքային թեմաներից է։ Սակայն սա միակ վիճահարույց հարցը չէ. կան նաև այլ թեմաներ, այդ թվում՝ միջուկային ծրագիրն ու ընդհանուր տարածաշրջանային իրավիճակը»,- նշել է դիվանագետը։

Ալ-Անսարին ընդգծել է, որ Դոհայի դիրքորոշումն անփոփոխ է՝ անհրաժեշտ է անվտանգ ու անխափան նավարկություն ապահովել միջազգային կարգավիճակ ունեցող Հորմուզի նեղուցով։

Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու գործարար Ջարեդ Քուշները Կատարում միջնորդների հետ կքննարկեն տարածաշրջանային խնդիրները, սակայն ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև ուղիղ շփումներ չեն նախատեսվում։

«ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցը Դոհա տեղի է ունենում միջնորդների հետ հանդիպումների շրջանակում՝ տարածաշրջանային տարբեր հարցեր քննարկելու նպատակով։ Դրանց թվում են, բնականաբար, Իրանի հետ բանակցությունները, Լիբանանի իրավիճակը և այլ խնդիրներ»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Պատասխանելով ԱՄՆ և Իրանի ներկայացուցիչների հնարավոր ուղիղ շփումների մասին հարցին՝ նա հավելել է. «Իմ ունեցած տեղեկություններով՝ երկու կողմերի միջև բարձր մակարդակի հանդիպումներ չեն անցկացվում։ Առաջիկա օրերին նրանց միջև ուղիղ շփումներ չեն ակնկալվում»։

Source: https://news.am/hy/news/1046864