ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկա-իրանական հուշագրի իրագործման շուրջ Դոհայում անցկացվելիք առաջիկա խորհրդակցությունները կարող են նշանակալից լինել, սակայն դրանց արդյունքը նախապես որոշված չէ։
«Դոհայում հանդիպումը կարող է կարևոր լինել, իսկ կարող է և չլինել։ Կտեսնենք։ Բայց մենք հաղթում ենք ռազմական առումով։ Թերևս արդեն հաղթել ենք»,- ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա նշել է, որ ամերիկյան պատվիրակությունն արդեն ուղևորվում է Կատար կամ այնտեղ կմեկնի մոտ ժամանակներս՝ հավելելով, որ բանակցությունները կվերաբերեն, մասնավորապես, Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցերին։
«Նրանք մեկնում են Կատար։ Կարծում եմ՝ նրանք արդեն մեկնել են կամ շուտով կմեկնեն։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Բայց այս ուղղությամբ մեր գործերը հիանալի են ընթանում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Թրամփը Truth Social-ում հայտնել էր, որ Իրանը հանդիպում է խնդրել ամերիկյան կողմի հետ, և որ խորհրդակցությունները պետք է անցկացվեն հունիսի 30-ին Դոհայում։ Սպիտակ տան տվյալներով՝ ԱՄՆ-ն այդ հանդիպմանը կներկայացնեն նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։
Միաժամանակ, Իրանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ իրանական պատվիրակությունն իսկապես ուղևորվում է Կատար՝ հուշագրի իրագործումը քննարկելու համար, սակայն այդ այցի շրջանակում ԱՄՆ ներկայացուցիչների հետ որևէ հանդիպում կամ բանակցություն նախատեսված չէ։
Source: https://news.am/hy/news/1046758