Չորեքշաբթի առավոտյան, երբ արևը բարձրացավ Կենտրոնական Մեքսիկայի լեռների վրա, Գերերո նահանգի Գուախես դե Այալա գյուղական բնակավայրերին հարվածեցին պայթուցիկով լիցքավորված անօդաչու թռչող սարքերը, ինչն ուղեկցվեց կարտելի և ինքնապաշտպանական տեղական խմբի միջև փոխհրաձգությամբ, հաղորդում է CBS News-ը:

Այդ շրջանների բնակիչները մի քանի շաբաթ շարունակ Գերերոյի իշխանություններին զգուշացնում էին La Nueva Familia Michoacana կարտելի կողմից սպառնացող աճող վտանգի մասին, սակայն, նրանց բնորոշմամբ, օգնության դիմումներն անպատասխան են մնացել:

24-ամյա Մարիլու Սոլորիոն մոտ 70 կանանց, երեխաների և տարեցների հետ պատսպարվել է լքված բժշկական կլինիկայում՝ փորձելով սպասելով անցկացնել անդադար պայթյուններն ու կրակոցները:

«Քանի դեռ ոմանք նշում են գոլերը, մյուսներին ոչնչացնում են ռումբերով դրոններով»,- հայտարարել է Սոլորիոն՝ նկատի ունենալով ֆուտբոլային մրցաշարը: Ըստ նրա՝ այն քաղաքներում, որտեղ անցկացվում են Աշխարհի առաջնության խաղերը, անվտանգությունն ուժեղացնելու փոխարեն, իշխանությունները պետք է պաշտպանեին հեռավոր շրջանների բնակիչներին, որոնք «երբեք ոչ մի վատ բան չեն արել»:

Մեքսիկայի իշխանություններն սկզբում հերքել էին Գերերոյում հարձակման մասին լուրերը, չնայած տեղի բնակիչների հրապարակած տեսանյութերին, որոնցում երևում էին կրակոցների և ծխի կադրեր լեռնային այն շրջաններից, որտեղ բնակիչները դիտակետեր էին տեղադրել:

Միջադեպը տեղի է ունեցել երկրում լայնածավալ քրեական բռնության դեմ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի գործադրած ջանքերի ֆոնին: Թեև նրա կառավարման օրոք սպանությունների թիվը նվազել է, իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից առաջ՝ ձգտելով կայունություն ցուցադրել:

Խաղերն ընդունող քաղաքների պաշտպանության համար Մեքսիկան ուղարկել է ուժային կառույցների շուրջ 100 հազար աշխատակից, հիմնականում՝ Մեխիկո, Մոնտերեյ և Գվադալախարա: Սակայն վերլուծաբանները կարծում են, որ ռեսուրսների նման բաշխումը մյուս տարածաշրջաններն առավել խոցելի է դարձրել:

«Մեխիկոյում, Գվադալախարայում և Մոնտերեյում հսկայական թվով զինվորականներ և Ազգային գվարդիայի աշխատակիցներ կային: Բայց դրա պատճառով մի շարք շրջաններ, որոնք խաղեր չէին ընդունում, մնացին առանց բավարար պաշտպանության»,- հայտարարել է անվտանգության հարցերով վերլուծաբան Դավիդ Սաուսեդոն:

Աշխարհի առաջնության ֆոնին բռնությունները շարունակվել են նաև երկրի այլ մասերում: Սինալոա նահանգում հանցավոր խմբավորումների միջև բախումների հետևանքով զոհվել են ռազմածովային սպա և ավազակախմբերի տասը ենթադրյալ անդամ: Վերակրուս նահանգում մահացած է գտնվել առևանգված լրագրողը, իսկ Չյապասում հայտնաբերվել են ութ մարդու դի՝ կարտելների թողած ուղերձներով:

Գուախես դե Այալայի բնակիչները հայտարարել են, որ իշխանություններին նախապես զգուշացրել էին La Nueva Familia Michoacana-ի գրոհայինների մոտենալու մասին, հրապարակել էին կարտելի հետախուզական դրոնների տեսանյութերը և հայտնել տների մոտ զինված խմբավորումների տեղաշարժի մասին:

Հարձակումից հետո հարյուրավոր բնակիչներ լքել են իրենց տները: Վերջին տարիներին համայնքի տղամարդիկ ստեղծել էին զինված ինքնապաշտպանական խումբ՝ կարտելներից պաշտպանվելու համար:

Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ «La Nueva Familia Michoacana»-ն, մեքսիկական այլ կարտելների թվում, անցյալ տարի Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ներառվել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: ԱՄՆ-ն ավելի վաղ մեղադրանքներ էր առաջադրել խմբավորման երկու ենթադրյալ առաջնորդի և հայտարարել մինչև 8 միլիոն դոլար պարգևատրում այն տեղեկության համար, որը կօգնի նրանց ձերբակալելուն:

Գերերոյի շրջանում, որը տասնամյակներ շարունակ հանցավոր խմբավորումների պայքարի թատերաբեմ է, տեղի բնակիչներն ասում են, որ հարցն արդեն այն չէ, թե արդյոք տեղի կունենա նոր հարձակում, այլ այն, թե երբ դա կլինի:

Source: https://news.am/hy/news/1048958