Լրացուցիչ ամերիկյան ուժերը երեք ամսվա ընթացքում կհասնեն Լեհաստան, հայտնում է Dziennik Gazeta Prawna (DGP) թերթը՝ հղում անելով աղբյուրին։

«Երեք ամսվա ընթացքում Լեհաստան պետք է հասնեն լրացուցիչ ամերիկացի զինվորներ»,- գրում է պարբերականը։

Նշվում է, որ Լեհաստանի նախագահի և ազգային պաշտպանության նախարարի շրջապատը ԱՄՆ վարչակազմի հետ քննարկում է Լեհաստանում ամերիկյան զորքերի ռոտացիոն ներկայության համակարգը և մշտական ռազմական բազայի ստեղծումը։ DGP-ի աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ-ը, ինչպես սպասվում է, կհայտարարի իր քաղաքական կամքի և վճռականության մասին՝ իրականացնելու երկու նախագծերն էլ։

Թերթը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Բարտոշ Գրոդեցկին հենց նոր է վերադարձել Պենտագոնում անցկացված բանակցություններից։

«Ես բազմիցս լսել եմ ամերիկյան կողմից, որ Լեհաստանը Միացյալ Նահանգների օրինակելի դաշնակիցն է։ Դա հաստատվեց իմ զրույցներում, այդ թվում՝ Պենտագոնի գլխավոր ստրատեգ Էլբրիջ Քոլբիի հետ հանդիպմանը։ Հետևաբար, ամերիկա-լեհական համագործակցությունը առաջիկա տարիներին խոստումնալից է թվում»,- Գրոդեցկու խոսքերն է մեջբերում պարբերականը։

Ինչպես DGP-ին ոչ պաշտոնապես հայտնի է դարձել, Լեհաստանում մշտական ամերիկյան ռազմական բազայի ստեղծման մասին որոշումը սպասվում է 6-12 ամսվա ընթացքում։

Լեհաստանում ԱՄՆ զինծառայողները իրենց խնդիրները կատարում են ՆԱՏՕ-ի առաջապահ ներկայության (Forward Land Forces - FLF) և Atlantic Resolve գործողության շրջանակում։ Երկրում ԱՄՆ բանակի զինվորների և քաղաքացիական ծառայողների ընդհանուր թիվը հաստատուն չէ և տատանվում է 10 հազարի սահմաններում։ Ընթացիկ տարվա գարնանը Տեխասից ԱՄՆ Առաջին հեծելազորային դիվիզիայի մի մասի ռոտացիոն տեղափոխումը կասեցվել էր։

Source: https://news.am/hy/news/1048102