Դաշնային դատարանը որոշել է հեռացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը Վաշինգտոնի Ջոն Քենեդու անվան կատարողական արվեստների կենտրոնի պաշտոնական անվանումից ու ձևավորումից, ինչպես նաև ժամանակավորապես արգելափակել է հաստատությունը մասշտաբային վերակառուցման նպատակով փակելու ծրագրերը, հայտնում է CBS News-ը։

Որոշումը կայացրել է շրջանային դատավոր Քրիստոֆեր Քուփերը՝ քննելով կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ, Օհայո նահանգից կոնգրեսական Ջոյս Բիթիի հայցը։ Նա վիճարկում էր ինչպես հաստատության վերանվանումը, այնպես էլ վերանորոգման աշխատանքների համար այն երկու տարով փակելու ծրագրերը։

Իր 94 էջանոց որոշման մեջ դատավորը եզրահանգել է, որ հոգաբարձուների խորհուրդը գերազանցել է իր լիազորությունները, երբ միակողմանիորեն հաստատությանը շնորհել է Դոնալդ Թրամփի անունը։ Դատարանը պարտավորեցրել է հեռացնել նախագահի անունը կենտրոնի պաշտոնական անվանումից, շենքի ճակատային մասից, բոլոր ֆիզիկական ու թվային ցուցանակներից, ինչպես նաև պաշտոնական նյութերից։

Դատարանի գնահատմամբ՝ դաշնային օրենքը հստակ սահմանում է, որ կենտրոնը կրում է նախագահ Ջոն Քենեդիի անունը, և այն փոփոխել կարող է միայն ԱՄՆ Կոնգրեսը։

«Կոնգրեսն է Քենեդիի կենտրոնին տվել իր անվանումը, և միայն Կոնգրեսը կարող է փոխել այն»,- գրել է նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից նշանակված դատավոր Քուփերը։

Դատարանը քննադատել է նաև հաստատությունը վերակառուցման նպատակով փակելու որոշումը։ Քուփերի խոսքով՝ հոգաբարձուների խորհուրդն այն ընդունել է միակողմանիորեն ներկայացված տեղեկատվության հիման վրա և լիարժեքորեն հաշվի չի առել կենտրոնի մշակութային գործունեությունն ապահովելու ու դրա հուշահամալիրային գործառույթը կատարելու իր պարտավորությունները։

Դատավորը վերանորոգման ընթացքում հաստատության աշխատանքը դադարեցնելու որոշումը որակել է որպես «ոչ բավարար հիմնավորված և, ըստ ամենայնի, կանխորոշված»։

Բացի այդ, դատարանն արձանագրել է, որ խորհուրդը մարտյան նիստում ապօրինաբար զրկել է Ջոյս Բիթիին քվեարկության իրավունքից։ Հենց այդ նիստի ժամանակ էր հաստատվել հուլիսի 4-ի տոնակատարություններից՝ ԱՄՆ Անկախության օրվանից հետո կենտրոնը փակելու ծրագիրը։

Միևնույն ժամանակ Քուփերն ընդգծել է, որ դեմ չէ բուն վերակառուցմանը։ Նրա խոսքով՝ ներկայացված նյութերը վկայում են, որ վերանորոգման աշխատանքներն իսկապես անհրաժեշտ են։ Դատավորը նաև նշել է, որ հոգաբարձուների խորհուրդը կարող է կրկին քննարկել հաստատության ժամանակավոր փակման հարցը, եթե իրավիճակի նոր վերլուծություն իրականացնի՝ օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերի պահպանմամբ։

Դատարանի որոշումից հետո Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում խիստ քննադատության է ենթարկել դատավորին և հայտարարել, որ պատրաստ է կենտրոնի հետագա ճակատագրի պատասխանատվությունը փոխանցել Կոնգրեսին։

Նախագահը գրել է, որ մտադիր է օրենսդիրների հետ աշխատել հաստատության կառավարումը հանձնելու ուղղությամբ, եթե իրեն թույլ չտան ինքնուրույն կյանքի կոչել բարեփոխումների ծրագիրը։

«Եթե ես չեմ կարող անել այն, ինչն ամենից լավ եմ կարողանում՝ այս հաստատությանը վերադարձնել իր ֆիզիկական, ֆինանսական ու գեղարվեստական վեհությունը, ես որևէ ցանկություն չունեմ շարունակելու այս անհույս ուղին»,- հայտարարել է Թրամփը։

Նա նաև հանձնարարել է Առևտրի նախարարությանը սկսել նախապատրաստվել կենտրոնի կառավարման, պահպանման և շահագործման լիազորությունները Կոնգրեսին հնարավոր փոխանցմանը։

Ջոյս Բիթին ողջունել է դատարանի որոշումը։ Նրա խոսքով՝ այն հաստատել է կենտրոնի վերանվանման և փակման օրինական հիմքերի բացակայությունը։

«Քենեդիի կենտրոնը պատկանում է ամերիկացի ժողովրդին, այլ ոչ թե Դոնալդ Թրամփին»,- հայտարարել է կոնգրեսականը։

Կենտրոնի ներկայացուցիչ Ռոմա Դարավին հայտնել է, որ ղեկավարությունը մտադիր է բողոքարկել որոշումը։ Նրա խոսքով՝ իրենք վստահ են, որ վերադաս ատյանը կճանաչի հոգաբարձուների խորհրդի իրավունքը՝ արժևորելով ազգային մշակութային կենտրոնի զարգացման գործում Թրամփի ավանդը։

Նա նաև հիշեցրել է, որ վերանորոգման աշխատանքների համար արդեն իսկ հատկացվել է 257 միլիոն դոլար, որը հաստատվել է Կոնգրեսի և Թրամփի վարչակազմի կողմից։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը, մեկնաբանելով դատարանի վճիռը, հայտարարել է, որ գոհ է, որ դատարանը չի արգելափակել բուն վերակառուցման նախագիծը։ Գերատեսչությունն ընդգծել է, որ կշարունակի պաշտպանել Քենեդիի կենտրոնը վերականգնելու և դրան երկրի առաջատար մշակութային հաստատություններից մեկի կարգավիճակը վերադարձնելու նախագահի ծրագրերը։

Դոնալդ Թրամփը Քենեդու կենտրոնի կառավարման համակարգում մասշտաբային փոփոխություններ է սկսել իր նախագահական երկրորդ ժամկետի մեկնարկից անմիջապես հետո։ Նա հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամների փոխարինել է իր կողմնակիցներով ու վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներով, ինչից հետո ընտրվել է խորհրդի նախագահ։

Ավելի ուշ խորհուրդը փոխեց հաստատության ղեկավարությունը և նոր տնօրեն նշանակել Գերմանիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Գրենելին։ Դեկտեմբերին խորհուրդը քվեարկել է կենտրոնը «Դոնալդ Թրամփի և Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների հուշահամալիրային կենտրոն» վերանվանելու օգտին։

Դրանից հետո հաստատության կայքում հայտնվել է «Trump Kennedy Center» անվանումը, իսկ շենքի ճակատային մասում սկսվել են նախագահի անունը տեղադրելու աշխատանքները։ Այդուհանդերձ, բազմաթիվ իրավաբաններ ու օրենսդիրներ հայտարարել են, որ նման վերանվանումը պահանջում է Կոնգրեսի հավանությունը։

Այս փոփոխությունները նկատելի դժգոհություն առաջացրին ԱՄՆ մշակութային համայնքում։ Մի քանի արտիստներ չեղարկել են կենտրոնում պլանավորված իրենց ելույթները, իսկ Քենեդիի կենտրոնում հանգրվանած Ազգային սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարը լքել է իր պաշտոնը։

Source: https://news.am/hy/news/1039528