Իսրայելի մտահոգության գլխավոր պատճառներից մեկը շարունակում են մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերը՝ Թուրքիային վաճառելու ժամանակակից, ցածր տեսանելիությամբ հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ։ CNN-ի տվյալներով՝ իսրայելական կողմը ակտիվորեն փորձում է Վաշինգտոնում իր դաշնակիցների միջոցով արգելափակել այս գործարքը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրապարակավ անդրադարձել է այս հարցին Fox News-ին տված հարցազրույցում՝ հայտարարելով, որ նման սպառազինության մատակարարումը «Մուսուլման եղբայրների» գաղափարախոսությամբ «վարակված ռեժիմին» կարող է խախտել ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում, որը, նրա խոսքով, ապահովվում է իսրայելական ռազմաօդային ուժերի գերազանցությամբ և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությամբ։

Ինչպես CNN-ին հայտնել է իսրայելական ղեկավարության աղբյուրը, Նեթանյահուն այս հարցը բարձրացրել է նաև Թրամփի հետ անձնական բանակցությունների ընթացքում՝ պնդելով, որ Թուրքիային F-35-ների հնարավոր վաճառքը կարող է թուլացնել Իսրայելի որակական ռազմական գերազանցությունը։

Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը հասկացրել է, որ նույնիսկ գործարքի հաստատման դեպքում դրա իրականացումը զգալի ժամանակ կպահանջի։

Source: https://news.am/hy/news/1048405