Հունիսի 25-ից ի վեր Հորմուզի նեղուցով հումք տեղափոխող ընդամենը 124 նավ է անցել։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով «Kpler» վերլուծական ընկերության տվյալները։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ նավերի այս ընդհանուր քանակը համադրելի է այն ցուցանիշի հետ, որը գրանցվում էր նեղուցում ամեն օր՝ մինչև ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ Իրանի պատերազմի սկսվելը։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելը։ Հարվածների են ենթարկվել նաև Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները։ Բացի այդ, Իրանի իշխանությունները որոշում են կայացրել փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Իսրայելի և այն երկրների նավերի համար, որոնք աջակցել են Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիային։ Հորմուզի նեղուցով է տեղափոխվում նավթի համաշխարհային առևտրի ծավալների մոտ 25%-ը և հեղուկացված բնական գազի շուրջ 20%-ը։

Հունիսի կեսերին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, մարտական գործողությունների անհապաղ դադարեցում։ Հունիսի 21-22-ը շվեյցարական Բյուրգենշտոկ առողջարանային քաղաքում Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի դրույթների իրագործման շուրջ բանակցությունները։ Ինչպես նշվում էր բանակցությունների առաջին փուլի ավարտից հետո Պակիստանի և Կատարի տարածած համատեղ հայտարարության մեջ, ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումն անցել է դրական ու կառուցողական մթնոլորտում, գրանցվել է հուսադրող առաջընթաց, այդ թվում՝ հիմք է ստեղծվել հետագա տեխնիկական խորհրդակցությունների անցկացման համար։

Source: https://news.am/hy/news/1046645