Չինական China Three Gorges Corporation ընկերությունը սկսել է աշխարհի ամենամեծ հիբրիդային արևային էլեկտրակայանի առևտրային փորձարկումները, որը համատեղում է սովորական արևային վահանակներն ու կենտրոնացված արևային էներգետիկայի (CSP) տեխնոլոգիան, հայտնել է Interesting Engineering-ը։

1 ԳՎտ հզորությամբ օբյեկտը գտնվում է Գոբի անապատում՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Համի քաղաքի մոտ։ Նրա գլխավոր առանձնահատկությունն արևի մայր մտնելուց հետո ևս էլեկտրաէներգիա արտադրելու կարողությունն է՝ առանց լիթիումային կուտակիչների օգտագործման։

Համալիրը բաղկացած է 900 ՄՎտ ֆոտովոլտային վահանակներից և 100 ՄՎտ հզորությամբ CSP կայանից, որն արևային ջերմությունը պահելու համար օգտագործում է հալված աղ։ Ցերեկը հատուկ հայելիները կենտրոնացնում են արևի լույսը և աղը տաքացնում մոտ 550 աստիճան Ցելսիուս։ Գիշերն ընկնելուց հետո կուտակված ջերմությունը ջուրը վերածում է գոլորշու, որն աշխատեցնում է տուրբինը և կայանին թույլ է տալիս շարունակել աշխատանքը մինչև ութ ժամ։

Համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1,8 հազար հեկտար, նախագծի արժեքը գնահատվում է 3,53 մլրդ յուան (մոտ 480 մլն դոլար)։

Ընկերության տվյալներով՝ 2025 թվականի սեպտեմբերին էներգահամակարգին միացվելու պահից կայանն արդեն ցանց է փոխանցել ավելի քան 6,5 մլն կՎտ·ժ էլեկտրաէներգիա։ Լիարժեք հզորության հասնելուց հետո այն տարեկան կկարողանա արտադրել մոտ 2,07 ՏՎտ·ժ էներգիա, ինչը բավարար է մոտ 830 հազար տան ապահովման համար։

Ակնկալվում է, որ նախագիծը տարեկան թույլ կտա մոտ 1,63 մլն տոննայով կրճատել ածխաթթու գազի արտանետումները։

Չինաստանում հալված աղի միջոցով էներգիայի պահեստավորման տեխնոլոգիան դիտարկում են որպես լիթիումային մարտկոցների այլընտրանք։ Նախագծի ներկայացուցիչների խոսքով՝ կուտակիչներն ավելի հարմար են սպառման կարճատև պիկերը հարթեցնելու համար, մինչդեռ CSP-ն կարող է արևային օրվա ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարում ապահովել ավելի երկար ժամանակ։

Միևնույն ժամանակ, փորձագետները նշել են, որ նման տեխնոլոգիայի արժեքն առայժմ մնում է ավելի բարձր՝ ավանդական արևային կայանների համեմատ, որոնք հագեցած են կուտակիչային համակարգերով։ Դրա հետագա մրցունակությունը կախված կլինի էներգիայի պահպանման արդյունավետությունից և շահագործման ծախսերից։

Չինաստանն արդեն ծրագրում է նախագծի ընդլայնումը․ Համիի էներգետիկ բազայի հզորությունը կարող է ավելացվել մինչև 3 ԳՎտ։ Զուգահեռաբար կառուցվում են նոր հիբրիդային կայաններ, որոնք կարող են գերազանցել ներկայիս ռեկորդը։

Source: https://news.am/hy/news/1049282