Չինաստանի իշխանություններն ավելի քան 900 հազար մարդ են տարհանել «Բավի» թայֆունի պատճառով, որն, ըստ կանխատեսումների, երկրի արևելյան ափերին կհասնի կիրակի գիշերը։ Այս մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը։

Սպասվում է, որ տարերքը հիմնական հարվածը կհասցնի Չժեցզյան նահանգի Վենչժոու քաղաքի շրջանին։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ միայն Վենչժոուում տարհանվել է 887,8 հազար բնակիչ։ Բացի այդ, հորդառատ անձրևների և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ավելի քան 100 հազար մարդ է տարհանվել Չինաստանի հյուսիսային շրջաններից։ Պաշտոնյաները հավաստիացրել են, որ ձեռնարկում են բոլոր հնարավոր քայլերը՝ վատթարագույն հետևանքներից խուսափելու համար։

Այս շաբաթ անբարենպաստ եղանակն արդեն իսկ լուրջ ավերածությունների պատճառ է դարձել Չինաստանի կենտրոնական ու հարավային շրջաններում։ Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 39 մարդ, տասնյակ գետեր դուրս են եկել ափերից, ինչպես նաև փլուզվել է ամբարտակներից մեկը։

Այս ընթացքում թայֆունն արդեն հարվածել է Թայվանին ու Ճապոնիայի հարավ-արևմտյան կղզիներին։ Թայվանում տարհանվել է ավելի քան 14 հազար մարդ, չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ, իսկ շուրջ 170 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության։ Օդերևութաբանները նախազգուշացնում են հորդառատ անձրևների և մինչև 10 մետր բարձրությամբ ալիքների մասին։

Ճապոնիայում տարերքի պատճառով Օկինավա պրեֆեկտուրայի կղզիներում ավելի քան 18 հազար տուն էհոսանքազրկվել, իսկ տասնյակ չվերթների չեղարկումն անդրադարձել է ավելի քան 26 հազար ուղևորի վրա։

Ավելի վաղ «Բավի» թայֆունը, որն սկզբնական շրջանում հասել էր սուպերթայֆունի ուժգնության, անցել է Գուամի և Հյուսիսային Մարիանյան կղզիների վրայով։ Այժմ քամու կայուն արագությունը կազմում է մոտ 137 կմ/ժ, սակայն օդերևութաբանները զգուշացնում են, որ այն դեռևս լուրջ սպառնալիք է ներկայացնում Չինաստանի արևելյան ափերի համար։

Source: https://news.am/hy/news/1049264