Հնագետները Չինաստանում հայտնաբերել են մոտ 2300 տարվա վաղեմության լավ պահպանված գարեջրի անոթ, ինչը թույլ է տվել առաջին անգամ մանրամասն ուսումնասիրել Ցին պետության դարաշրջանի գարեջրագործության տեխնոլոգիաները։

Գտածոն հայտնաբերվել է Շանցզյաբաո գերեզմանատան M39 դամբարանում, որը գտնվում է Ցինի Մեծ պարսպից մոտ մեկուկես կիլոմետր հեռավորության վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Archaeological Science: Reports գիտական պարբերականում։

Բրոնզե անոթի մեջ հետազոտողները հայտնաբերել են մոտ 15 բաժակ կապտականաչավուն հեղուկ, որը հերմետիկորեն պահպանվել է թաղման վայրում։ Վերլուծությունը ցույց է տվել, որ խմիչքը պարունակում է ավելի քան 2400 քիմիական միացություն. սա հաստատել է դրա արհեստական ծագումը և բացառել ստորերկրյա ջրերի ներթափանցման վարկածը։ Հետազոտության հեղինակները նշում են, որ գտածոն Ցին ժողովրդի գարեջրի արտադրության տեխնոլոգիաների ուղղակի հնագիտական վկայությունն է։

Ըստ նրանց, հայտնաբերված խմիչքն արտացոլում է ֆերմենտացման զարգացման բարձր մակարդակը, օգտագործվող հացահատիկների բազմազանությունը և անոթների հերմետիկացման արդյունավետ մեթոդները։ Հետազոտությունը ցույց է տվել, որ խմիչքը հացահատիկային ալկոհոլային արտադրանք է՝ մոտ գարեջրին, այլ ոչ թե մրգային գինի։

Դրա կազմում հայտնաբերվել են կորեկ, ցորեն, գարի, ինչպես նաև հազարավոր խմորասնկի բջիջներ։ Գիտնականները հայտնաբերել են նաև մեծ քանակությամբ օրգանական միացություններ՝ ամինաթթուներ, ճարպաթթուներ և բարդ շաքարներ, որոնք մատնանշում են խմորման բարդ և լավ վերահսկվող գործընթացը։

Հետազոտողների առանձնահատուկ ուշադրությունն է գրավել 8571 խմորասնկի բջջի առկայությունը, ինչը, ըստ հեղինակների, կարող է վկայել բարձր արդյունավետություն ունեցող թթխմորի օգտագործման մասին։ Հետազոտության մեջ ընդգծվում է, որ կորեկի համադրումը ցորենի կամ գարու և հատուկ ֆերմենտացնող մեկնարկիչի հետ գարեջրագործության եզակի տեխնոլոգիա է, որը նախկինում նկարագրված չի եղել պատմական աղբյուրներում։

Հնագետները նշում են, որ դեռևս մինչև քիմիական վերլուծությունը ենթադրել են անոթում ալկոհոլի առկայությունը. հին Չինաստանում սխտորի գլխիկի տեսքով վզիկը ավանդաբար ասոցացվում էր հենց ալկոհոլային խմիչքների հետ։ Պարունակությունը պահպանելու համար հնագույն գարեջրագործները կիրառել են հերմետիկացման կրկնակի համակարգ։ Անոթի ներքին մասը փակվել է գործվածքով, իսկ վերևից քսվել է ցեխի և օրգանական նյութերի խառնուրդ։ Նման տեխնիկա կիրառվել է նաև հին չինական այլ թաղումներում։

Շանցզյաբաո գերեզմանատունը, որը ներառում է 183 թաղում, ենթադրաբար օգտագործվել է ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական բնակչության համար։ Գիտնականները կարծում են, որ համեմատաբար սովորական դամբարանում մեծ քանակությամբ որակյալ գարեջրի առկայությունը մատնանշում է Ցին պետության բնակչության շրջանում խմորման զարգացած տեխնոլոգիաների լայն տարածման մասին։

Source: https://news.am/hy/news/1037877