Geely Galaxy A7 EM ավտոմեքենան Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել վազքի տարածությամբ՝ լավագույն արդյունք ցուցաբերելով լիցքավորվող հիբրիդային ուժային համակարգով սերիական սեդանների շարքում։ Այս մասին նշված է չինական արտադրողի հաղորդագրության մեջ, որը «Իզվեստիա»-ն ստացել է հուլիսի 22-ին։

Սեդանին հաջողվել է անցնել 2608,36 կմ՝ առանց լրացուցիչ վառելիք լցնելու և քարշային մարտկոցը լիցքավորելու, ինչը ավելի քան 200 կմ-ով գերազանցում է հիբրիդային սեդանների դասում վազքի տարածության նախորդ ռեկորդը։ Galaxy A7 EM-ն Դեչեն-Տիբեթյան ինքնավար շրջանի Շանգրի-Լա քաղաքից հասել է մինչև Ժեմչուժնայա գետի դելտայում գտնվող Գուանչժոու մեգապոլիս։ Ուղևորությունը տևել է հինգ օր, իսկ երթուղին ներառել է լեռնային ոլորաններ, մայրուղիներ և ծանրաբեռնված քաղաքային փողոցներ։ Ճանապարհորդությանը հետևել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները։

Ավտոմեքենան հագեցած է EM AI Super Hybrid 2.0 լիցքավորվող հիբրիդային համակարգով։ Դրա կազմում ներառված է բենզինային ներքին այրման շարժիչ, որն, ինչպես պնդում են Geely-ում, ջերմային ՕԳԳ-ի (օգտակար գործողության գործակցի) բարձր ցուցանիշ ունի աշխարհի բոլոր սերիական ավտոմեքենաների շարքում՝ 47,26%: Ներքին այրման շարժիչը համադրված է հիբրիդային փոխանցման տուփի հետ, որի էներգետիկ արդյունավետությունը կազմում է 93,1%: Ուժային համակարգի կառավարման մեջ կիրառված են նաև արհեստական բանականության ալգորիթմներ, որոնք թույլ են տալիս 15%-ով նվազեցնել վառելիքի ծախսը։

Aegis Golden Brick քարշային մարտկոցի տարողությունը 28,3 կՎտ·ժ է, որի լրիվ լիցքը բավարարում է միայն էլեկտրականությամբ 235 կմ անցնելու համար։ Ակումուլյատորն աջակցում է 75 կՎտ հզորությամբ հաստատուն հոսանքով արագ լիցքավորման ֆունկցիային․ էներգիան 30%-ից մինչև 80% կարելի է վերականգնել ընդամենը 15 րոպեում։ Ավելի վաղ իրականացված փորձարկումների արդյունքում մարտկոցը դիմացել էր ութ պողպատե ասեղներով պատյանի ծակմանը, դեֆորմացիային, կրակոցին և 36 տոննա քաշով տանկին։

Source: https://news.am/hy/news/1051131