Չինական GAC ավտոարտադրողի բրենդը հանդիսացող Govy Technology տեխնոլոգիական ընկերությունը պլանավորում է աերոտաքսիների կոմերցիոն շահագործումն սկսել 2027 թվականին։ Այս մասին հայտնել է Yicai պարբերականը։
Մշակող ընկերությունն իր առաջին սերիական մոդելի՝ Govy AirCab-ի նախնական պատվերների ընդունումն սկսել է 2025 թվականին։ Ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարող (eVTOL) առաջին էլեկտրական թռչող սարքը հավաքման գծից դուրս է եկել անցյալ ամիս։
Ըստ ծրագրերի՝ մինչև 2026 թվականի վերջ ընկերությունը կավարտի թռիչքային պիտանիության ստուգումը։ Մշակողը հույս ունի արտադրության սերտիֆիկացում ձևակերպել 2027 թվականի առաջին կեսին, որից հետո ընկերությունը կսկսի մեծացնել սերիական արտադրության և մատակարարումների ծավալները։
Ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Սու Ցինպենի խոսքով՝ հինգ տարվա ընթացքում թռչող մեքենաների ոլորտում մեծ առաջընթաց է սպասվում։ Այս բնագավառը թռիչքային աճ կգրանցի այն բանից հետո, երբ մշակող ընկերությունները ստանան թռիչքային պիտանիության սերտիֆիկատներ, իսկ արտադրական կարողությունները դառնան վերարտադրելի։
Չինաստանը վերջին տարիներին ակտիվորեն զարգացնում է այսպես կոչված «ցածր բարձրությունների տնտեսությունը»՝ անօդաչու թռչող սարքերի, դիրիժաբլների, ինչպես նաև ուղղահայաց թռիչք ու վայրէջք կատարող թռչող սարքերի գործնական կիրառման ոլորտը։ ՉԺՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության կանխատեսումներով՝ այս սեկտորի շուկայական արժեքը մինչև 2035 թվականը կարող է հասնել 3,5 տրիլիոն յուանի (շուրջ 490 միլիարդ դոլար)։
Չինաստանի կառավարության ծրագրերի համաձայն՝ մինչև 2027 թվականը երկրում կստեղծվի ստանդարտների բազային համակարգ, որը կհամապատասխանի ցածր բարձրությունների փոխադրումների ոլորտի անվտանգ զարգացման պահանջներին։ Կարգավորումը կընդգրկի արտադրական ողջ շղթան՝ ներառյալ թռչող սարքերի ստեղծումը, դրանց համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, օդային երթևեկության կառավարումը, անվտանգության վերահսկողությունը և կիրառման սցենարները։
Source: https://news.am/hy/news/1042039