Չինական ավտոհսկա BYD-ն հունգարական Սեգեդ քաղաքում կառուցում է իր առաջին եվրոպական ավտոգործարանը։ Այնտեղ էլեկտրամոբիլների արտադրությունը պետք է սկսվի 2026 թվականի վերջին, իսկ Գերմանիայում ընկերությունն արդեն ակտիվորեն ընդլայնում է դիլերային ցանցը, գրում է Bild պարբերականը։ Գերմանական ավտոարդյունաբերության համար սա նոր մարտահրավեր է. Չինաստանի հետ մրցակցությունն այժմ անցնում է ոչ միայն ներմուծման, այլև հենց Եվրոպայի ներսում գտնվող գործարանների միջոցով։

Գլխավոր անհանգստությունը ոչ միայն էժան ավտոմեքենաներն են, այլև բուն արտադրական մոդելը։ Frankfurter Allgemeine Zeitung-ը գրում է, որ չինական արդյունաբերական կենտրոններում բանվորները կարող են աշխատել օրական 10-12 ժամ, ամսական ունենալ ընդամենը չորս հանգստյան օր և ստանալ մոտ 600 եվրո։

China Labor Watch-ն իր հերթին հայտնել է Հունգարիայում BYD գործարանի շինարարությունում չինացի բանվորների իրավունքների խախտման ռիսկերի մասին՝ երկարատև հերթափոխեր, յոթնօրյա աշխատանքային շաբաթներ և վճարումների հետ կապված խնդիրներ։ BYD-ում հերքում են նման մեղադրանքները։

Նմանատիպ սկանդալ արդեն եղել էր Բրազիլիայում. իշխանությունները BYD-ին ներառել էին այն գործատուների ռեեստրում, որոնք առնչվում են ստրկական աշխատանքին նմանվող պայմանների հետ՝ 2024 թվականին գործարանի շինհրապարակի ստուգումից հետո։

Source: https://news.am/hy/news/1049779