ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավարը պնդում է Իրանի դեմ հարձակումները վերսկսելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ նավթային, գազային և էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածներ հասցնելու միջոցով, Թեհրանի վրա ճնշումը մեծացնելու նպատակով, նշել են իսրայելական լրատվամիջոցները։

Ինչպես հայտնել է իսրայելական «13-րդ ալիքը»՝ հղում կատարելով անանուն, իրազեկ քաղաքական աղբյուրներին, ծովակալ Բրեդ Քուփպերը ներկայացրել է այս առաջարկը անցյալ շաբաթ Իսրայել կատարած այցի ընթացքում։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Քուփերը մասնակցել է իսրայելական ռազմական ղեկավարության բարձրագույն օպերատիվ ֆորումի նիստին՝ շտաբի պետ Էյալ Զամիրի և այլ բարձրաստիճան հրամանատարների հետ միասին։

Հանդիպման ընթացքում Քուփերը կոչ է արել վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ և հարվածներ հասցնել ազգային ենթակառուցվածքին, ներառյալ գազի, նավթի և էլեկտրաէներգետիկայի ոլորտների ձեռնարկություններին, նշվել է ռեպորտաժում։

«Հարվածներն Իրանի ենթակառուցվածքին կփոխեն խաղի կանոնները, ծանր հարված կհասցնեն իրանցիներին, իսկ ներկա իրավիճակում նրանք չեն փոխի իրենց դիրքորոշումը», — մեջբերվել են Քուփերի խոսքերը։

Հաղորդվել է, որ CENTCOM-ի ղեկավարը իսրայելացի ռազմական պաշտոնյաներին ասել է, թե ռազմական գործողությունների վերսկսումը կարող է դառնալ միակ տարբերակը, և որ Միացյալ Նահանգները, հնարավոր է, ստիպված լինի Իրանին Իսրայելի հետ համատեղ հարվածներ հասցնել։

Նույն աղբյուրների համաձայն՝ Քուփերը նաև ներկայացրել է իր դիրքորոշումը ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնին (Dan Caine)։

Առաջարկը փոխանցվել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, նշվել է ռեպորտաժում։

Source: https://news.am/hy/news/1055385