Չինաստանը հաջողությամբ արձակել է Haiyang-2E օվկիանոսների դիտարկման արբանյակը։ Այդ մասին հուլիսի 2-ին հայտնել է Չինաստանի աերոտիեզերական գիտության և տեխնիկայի կորպորացիան (CASC)։

«Long March 4B կրող հրթիռը արձակվել է Ցզյուցյուան տիեզերակայանից՝ հաջողությամբ դուրս բերելով Haiyang-2E արբանյակը նախատեսված ուղեծիր։ Արձակումն անցել է հաջողությամբ», — նշված է հրապարակման տեքստում։

Նշվում է, որ CASC-ի Հինգերորդ ակադեմիայի կողմից մշակված Haiyang-2E արբանյակը նախատեսված է ծովային իրավունքների պաշտպանության, տարերային աղետների կանխարգելման, ծովային ռեսուրսների յուրացման և գիտական հետազոտությունների անցկացման համար։ Սարքը կփոխարինի 2018 թվականին արձակված Haiyang-2B արբանյակին, ինչպես նաև կմիանա արդեն գործող Haiyang-2C և Haiyang-2D արբանյակների ցանցին։ Դրա շնորհիվ այն կապահովի ազգային ծովային դինամիկ միջավայրի մոնիթորինգի ծառայությունների անընդհատ աշխատանքը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր արբանյակը ստացել է օգտակար բեռի կատարելագործված տեխնոլոգիա, ինչը զգալիորեն ընդլայնել է նրա դիտարկման հնարավորությունները առափնյա ջրերում։ Long March 4B կրող հրթիռը եռաստիճան հեղուկ վառելիքով հրթիռ է, որն ունակ է մինչև 2,5 տ օգտակար բեռ դուրս բերել 700 կմ բարձրությամբ արեգակնահամաժամեցված ուղեծիր։

Source: https://news.am/hy/news/1047279