Իրանի Բուշեր քաղաքում լսված պայթյունի ձայնը հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի արդյունք է եղել, IRNA գործակալությանը հայտնել է Բուշեր նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ Էհսան Ջահանիանը:

Նրա խոսքով՝ քաղաքի արվարձանում գտնվող ռազմական շտաբներից մեկը ենթարկվել է արկի հարվածի։ Պաշտոնյան չի հստակեցրել, թե ով կարող էր կանգնած լինել հարձակման հետևում և որքան է հնարավոր վնասի չափը:

Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) Al Jazeera հեռուստաալիքին հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերը վերջին ժամերին հարվածներ չեն հասցրել Իրանի տարածքին։ Ամերիկացի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կապ չունի արձանագրված պայթյունների հետ, սակայն հրաժարվել էր մեկնաբանել տեղի ունեցածի հնարավոր պատճառները։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին նաև երկրի այլ շրջաններում, դրանց թվում՝ Բանդար Աբասում և Քոնարակում լսված պայթյունների ձայների մասին: Այս միջադեպերի պատճառների վերաբերյալ պաշտոնական հաստատումներ դեռևս չեն ստացվել։

Source: https://news.am/hy/news/1048998