Բուլղարիան այլևս չի մասնակցի այսպես կոչված «կամեցողների կոալիցիային»՝ պետությունների այն խմբին, որն աջակցում է Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռումեն Ռադևը, ով դեռ հունիսին խոստացել էր, որ Սոֆիան վետո կդնի Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթին։ «Մենք չենք հարում այն կոալիցիային, որը պնդում է Ուկրաինային ֆինանսական և ռազմական օգնության շարունակումը։ Այս հակամարտության լուծումը ռազմական մեթոդներով այն երկարաձգելը չէ, այլ ազդեցիկ դիվանագիտական առաքելությունը, որն ի վերջո վերջ կդնի էսկալացիային»,- երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ասել է Բուլղարիայի ղեկավարը, փոխանցում է Bloomberg-ը։
Բուլղարիայի կառավարության ներկայիս ղեկավարը հայտնի է որպես Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու մոլի քննադատ։ Մայիսին պաշտոնը ստանձնելուց ի վեր՝ նա դադարեցրել է Կիևին անհատույց ռազմական աջակցության տրամադրումը, թեև զենքի վաճառքը չի կասեցվել։ Ինչ վերաբերում է Ռադևին, ապա նա բազմիցս հերքել է այն մեղադրանքները, թե ուկրաինական պատերազմի հարցում կրեմլամետ դիրքորոշում ունի։ Ըստ քաղաքական գործչի՝ ինքը Մոսկվայի հետ «պրագմատիկ» հարաբերությունների կողմնակից է։ Միևնույն ժամանակ, Բուլղարիան, որը նախկինում մասնակցում էր «կամեցողների կոալիցիայի» հանդիպումներին, ներկայացուցիչ չէր ուղարկել Փարիզում կայացած վերջին հավաքին։ Այդ հանդիպման ժամանակ եվրոպական ինը երկրներ Ուկրաինայի հետ միասին ձևավորել են ևս մեկ դաշինք՝ այս անգամ ռուսական բալիստիկ հրթիռների դեմ պայքարի նպատակով։
Հունիսին Ռադևը, ով դեռ 2024 թվականին հայտարարում էր Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հաղթանակի «անհնարինության» մասին, դեմ արտահայտվեց պատրիարք Կիրիլի, ինչպես նաև «Լուկօյլի» հիմնադիր Վագիտ Ալեքպերովի դեմ Եվրամիության պատժամիջոցների սահմանմանը։ Նշենք, որ «Լուկօյլը» տնօրինում է Բուլղարիայի միակ նավթավերամշակման գործարանը և վառելիքի խոշորագույն մանրածախ վաճառողներից է երկրում։ Նա շեշտել էր, որ Բուլղարիան համաձայն չէ Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների դեմ պատժամիջոցներին։ «Այս պատերազմն արդեն դուրս է եկել խրամատների սահմաններից։ Այն դուրս է գալիս տնտեսության ու էներգետիկայի շրջանակներից, և հիմա մնում է միայն, որ կլանի նաև կրոնը»,- ընդգծել էր Ռադևը։
Source: https://news.am/hy/news/1049754