Եվրամիությունում (ԵՄ) գնալով սրվում է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հասցեին հնչող քննադատությունը։ Այս մասին հունիսի 17-ին գրում է իսպանական El Pais թերթը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակների իր աղբյուրներին։

Պարբերականը նշում է, որ որոշ դիվանագետներ Կալասի և ֆոն դեր Լայենի միջև առկա մրցակցությունը նմանեցնում են «Գահերի խաղին»։ Նրանք հավելում են, որ Բրյուսելում թեժ պայքար է բռնկվել ԵՄ արտաքին քաղաքական կուրսի տնօրինման համար։

«Այս պատերազմում ֆոն դեր Լայենի և Կայա Կալասի հակամարտությունն ավելի կոշտ բնույթ է ստացել», — ընդգծվում է հրապարակման մեջ։

Թերթը նաև գրում է, որ ԵՄ-ում մեծանում է Կալասի աշխատանքի հանդեպ դժգոհությունը։ Նրան մեղադրում են ուկրաինական հակամարտության վրա չափից ավելի կենտրոնանալու և Մերձավոր Արևելքի իրավիճակին բավարար ուշադրություն չդարձնելու մեջ։

Ինչպես նշում է պարբերականը, շատերը քննադատում են նաև ֆոն դեր Լայենին՝ նրան մեղադրելով ԵՄ արտաքին քաղաքականության վրա սեփական ազդեցությունն անդադար ու շարունակաբար ընդլայնելու ձգտման մեջ։

Euronews լրատվականը հայտնել է, որ ԵՄ դիվանագիտական ապարատի բարեփոխումների և Կալասի լիազորությունների հնարավոր սահմանափակման հետևում, ըստ ամենայնի, կանգնած է հենց ֆոն դեր Լայենը։ Հստակեցվում է, որ ԵՄ դիվանագիտական ծառայության և Եվրահանձնաժողովի միջև լարվածությունը գնալով մեծանում է։ Ֆոն դեր Լայենն ավելի ու ավելի հաճախ է հանդես գալիս արտաքին քաղաքականությանը վերաբերող հայտարարություններով՝ փաստացի դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ինչն էլ ավելի է թուլացնում Կալասի դիրքերը։

Financial Times թերթն էլ հունիսի 11-ին հայտնել էր, որ Կալասին կարող են զրկել ԵՄ դիվանագիտության ղեկավարի լիազորությունների մի մասից։ Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Փարիզը, Բերլինը և եվրոպական այլ մայրաքաղաքներ քննարկում են ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության կառուցվածքում նրա դերի վերանայման տարբերակները։

Source: https://news.am/hy/news/1044041