Բրիտանական ոստիկանությունը ստուգում է Մեծ Բրիտանիայի թագավորի եղբոր՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դեմ նոր մեղադրանքները, որոնք կապված են 2002 թվականին Royal Ascot ձիարշավների ժամանակ կնոջ նկատմամբ ենթադրյալ անպատշաճ վարքագծի հետ։
Ինչպես հայտնում է The Sunday Times-ը, ենթադրյալ միջադեպը տեղի է ունեցել Անգլիայի Բերքշիր կոմսությունում անցկացվող ամենամյա թագավորական ձիարշավների ժամանակ։
Առայժմ պարզ չէ, թե ենթադրյալ տուժողը դիմե՞լ է ոստիկանություն անմիջապես դեպքից հետո, թե՞ դա արել է զգալիորեն ավելի ուշ։
Ավելի վաղ Թեմզայի հովտի ոստիկանությունը հայտնել էր, որ Յորքի դուքսի նկատմամբ քննությունը վերաբերում է ոչ միայն գաղտնի տեղեկատվության հնարավոր փոխանցմանը, այլև ենթադրյալ սեռական բնույթի հանցագործություններին։
Փետրվարին Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը ձերբակալվել էր իր 66-ամյակի օրը և պաշտոնական նախազգուշացմամբ հարցաքննվել էր՝ կասկածվելով պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ այն ժամանակահատվածում, երբ զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի առևտրային ներկայացուցչի պաշտոնը։
Քննությունը կապված է ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից հրապարակված նյութերի հետ՝ ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործով։ Քննիչները ուսումնասիրում են պնդումները, ըստ որոնց դուքսը կարող էր Էպշտեյնին փոխանցել գաղտնի տեղեկատվություն։
Ձերբակալությունից հետո ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել Մաունթբաթեն-Վինձորի Նորֆոլքի տանը, ինչպես նաև մեկշաբաթյա խուզարկություն էր իրականացրել Վինձորի կալվածքում, որտեղ նա երկար տարիներ բնակվել էր։ Ինքը՝ Յորքի դուքսը, հերքում է բոլոր մեղադրանքները։
Ուրբաթ օրը ոստիկանությունը դիմել էր հնարավոր վկաներին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել ենթադրյալ սեռական հանցագործությունների, կոռուպցիայի, խարդախության կամ գաղտնի տեղեկատվության փոխանցման դեպքերի վերաբերյալ, որոնք կապված են թագավորի եղբոր հետ։
Քննիչները նաև շարունակում են ստուգել ԱՄՆ-ից մի կնոջ հայտարարությունը, որը պնդում է, որ 2010 թվականին իրեն տեղափոխել են Վինձորի տներից մեկը՝ սեռական շահագործման նպատակով։ Այս պահին այդ գործը դեռ չի վերածվել լիարժեք քրեական հետաքննության։
Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով, այժմ Միացյալ Թագավորությունում միանգամից մի քանի ոստիկանական վարչություններ քննություններ են վարում, որոնք կապված են Էպշտեյնի գործի նյութերի և երկրում նրա կապերի հետ։
Բրիտանացի քննիչների համար խնդիրներից մեկը շարունակում է մնալ ԱՄՆ-ից փաստաթղթերի բնօրինակների ստացումը։ Առայժմ ոստիկանությունն ունի միայն ամերիկյան Արդարադատության նախարարության հրապարակած նյութերի պատճենները։ ԱՄՆ իշխանությունները բրիտանական կողմից պահանջել են ներկայացնել իրավական օգնության վերաբերյալ պաշտոնական միջազգային հարցում, որի քննարկումը կարող է ամիսներ տևել։
Source: https://news.am/hy/news/1037984
World
Բրիտանիայի թագավորի եղբայրը կրկին հայտնվել է սեքս-սկանդալի կենտրոնում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։