Հնագույն ԴՆԹ-ի նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ հռոմեական և վիկինգների ներկայությունը Բրիտանիայում շատ ավելի քիչ գենետիկական հետք է թողել, քան համարվում էր մինչ այդ։ Nature հանդեսում հրապարակված հետազոտությունը հիմնված է այն մարդկանց ավելի քան 1 000 հնագույն գենոմների տվյալների վրա, որոնք ապրել են Բրիտանիայի տարածքում մոտավորապես մ.թ.ա. 2550 թվականից մինչև մ.թ. 1150 թվականը։

Գիտնականները վերակառուցել են տարբեր պատմական ժամանակաշրջանների գենետիկական պատկերը՝ ներառյալ հռոմեական նվաճումը, անգլոսաքսոնական միգրացիան և վիկինգների դարաշրջանը։ Սա հնարավորություն է տվել գնահատել, թե ազդեցության յուրաքանչյուր ալիք որքանով է փոխել կղզու բնակչությանը։

Տվյալները ցույց են տվել, որ Հռոմեական Բրիտանիայի ժամանակաշրջանում (մ.թ. 43–410 թթ.) ուսումնասիրված ընտրանքում գենետիկական նյութի միայն մոտ 20 տոկոսն էր արտաքին ծագում ունեցել։ Սա վկայում է այն մասին, որ նույնիսկ Հռոմեական կայսրության երկարատև քաղաքական վերահսկողության պայմաններում բնակչության իրական խառնումը սահմանափակ է եղել, հատկապես քաղաքային կենտրոններից դուրս։

Վիկինգների ազդեցությունն ավելի քիչ է արտահայտված եղել։ Հետազոտողների գնահատմամբ՝ սկանդինավյան գենետիկական ներդրումը հին ընտրանքներում կազմում է մոտ 4 տոկոս, ինչը խոսում է հիմնականում մշակութային և քաղաքական ազդեցության մասին՝ առանց լայնածավալ ժողովրդագրական փոխարինման։

Այս ֆոնին կտրուկ առանձնանում է անգլոսաքսոնական միգրացիան, որը, ըստ վերլուծության տվյալների, ունեցել է զգալիորեն ավելի մեծ ներդրում՝ որոշ տարածաշրջաններում մինչև 70 տոկոս։ Հենց այս ժամանակաշրջանն է համարվում հետհռոմեական Բրիտանիայի պատմության առանցքային ժողովրդագրական տեղաշարժ։

Հեղինակներն ընդգծել են, որ արդյունքները չեն նշանակում հռոմեացիների կամ վիկինգների ազդեցության լիակատար բացակայություն։ Խոսքը գենետիկական ներդրման մասշտաբի մասին է, որը շատ ավելի համեստ է եղել, քան նրանց պատմական և մշակութային ներկայությունը։

Նշվել է նաև, որ հռոմեական ժամանակաշրջանի ընտրանքը կարող է շեղված լինել դեպի քաղաքային գերեզմանատեղիներ, ինչը կարող է սահմանափակել գնահատման ճշգրտությունը։ Այնուամենայնիվ, ընդհանուր պատկերը համահունչ է հնագույն ԴՆԹ-ի այլ հետազոտություններին և վերանայում է պատկերացումներն այն մասին, թե ինչպես են կայսրություններն ազդել Բրիտանիայի բնակչության վրա։

Source: https://news.am/hy/news/1039379