Մեծ Բրիտանիայի բնակչության ավելի քան կեսը կողմ է ԵՄ-ին վերաանդամակցելուն, ինչը փաստացի կարող է չեղարկել 10 տարի առաջ տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները։ Այս մասին են վկայում «Ipsos» ընկերության անցկացրած հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք մեջբերում է «Bloomberg» գործակալությունը։
Ինչպես ցույց է տվել հասարակական կարծիքի ուսումնասիրությունը, հարցվածների 52%-ը հայտարարել է Եվրամիություն վերադառնալու պատրաստակամության մասին (եթե իրենց նման ընտրության հնարավորություն տրվի)։ Միայն 33%-ն է համոզված, որ Միացյալ Թագավորության համար ավելի լավ է գտնվել ԵՄ-ից դուրս։ Մոտ 10%-ը դեռևս չի կողմնորոշվել իր ընտրության հարցում։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Բրեքսիթի (Brexit) արդյունքների վերանայմանն ամենից շատ հակված են երիտասարդ բրիտանացիները, մինչդեռ 55 տարեկանից բարձր հարցվածների ավելի քան կեսը կողմ է ստատուս քվոյի պահպանմանը։ Ընդ որում, 2016 թվականի հանրաքվեի արդյունքների չեղարկմանն ամենամեծ աջակցությունը ցուցաբերում են Լեյբորիստական կուսակցության, «Լիբերալ դեմոկրատների» և «Կանաչների» կողմնակիցները։ Բրեքսիթի գլխավոր գաղափարախոսներից մեկի՝ Նայջել Ֆարաժի «Reform UK» կուսակցությանը սատարող յուրաքանչյուր 10 հարցվածից 8-ը մերժում է այս գաղափարը։
Հարցումն անցկացվել է մայիսի 14-ից 20-ը, որին մասնակցել է 1137 մարդ։
Source: https://news.am/hy/news/1041994