Բրիտանական խորհրդարանի մի խումբ պատգամավորներ դիմել են կառավարությանը՝ խնդրելով ուսումնասիրել երկրում ռուսական «Մաշան և Արջը» մուլտսերիալի հեռարձակումը սահմանափակելու հնարավորությունը։
Ինչպես գրում է The Guardian-ը, նամակի նախաձեռնողներն են եղել միանգամից մի քանի կուսակցությունների՝ Լիբերալ դեմոկրատների, Լեյբորիստների, Պահպանողականների, ինչպես նաև «Կանաչների», SNP-ի (Շոտլանդիայի ազգային կուսակցություն) և Plaid Cymru-ի (Ուելսի կուսակցություն) ներկայացուցիչները։ Դիմումն ուղղվել է մշակույթի նախարար Լիզա Նենդիին, իսկն այն ստորագրել են ավելի քան 50 խորհրդարանականներ։
Փաստաթղթում նշվում է, որ մուլտֆիլմի առանձին տեսարաններ կարող են «թաքնված քարոզչության» տարրեր պարունակել։ Մասնավորապես, պատգամավորները ուշադրություն են դարձրել այն դրվագներին, որտեղ հերոսուհին հայտնվում է զինվորական համազգեստով կամ խորհրդային խորհրդանիշները հիշեցնող հագուստով։
Խորհրդարանականները նաև մտահոգություն են հայտնել այն առնչությամբ, որ շոուն Մեծ Բրիտանիայում երեխաներին հասանելի է խոշոր սթրիմինգային հարթակների, դրանց թվում՝ Netflix-ի և ITVX-ի միջոցով, և պահանջում են նման բովանդակության ավելի խիստ ստուգում։
Միաժամանակ, մուլտսերիալի ստեղծողները՝ Animaccord ստուդիայից, հերքում են մեղադրանքները՝ ընդգծելով, որ ընկերությունը մասնավոր է և պետական ֆինանսավորում չի ստանում, իսկ նախագիծը ստեղծվում է որպես ժամանցային մանկական բովանդակություն։
Source: https://news.am/hy/news/1047699