Բրազիլիայի իշխանությունները դիտարկում են երկրաշարժից տուժած վենեսուելական ենթակառուցվածքների վերականգնմանը մասնակցելու հնարավորությունը։ Այդ մասին հայտնել է Brasil 247 պորտալը։
Պորտալի տեղեկություններով՝ Բրազիլիայի պաշտպանության նախարար Ժոզե Մուսիո Մոնտեյրոն Կարակաս կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ տարերքի հետևանքները հաղթահարելու համար անհրաժեշտ է երկու երկրների միջև համագործակցության երկարաժամկետ ամրապնդում։ «Մենք պետք է ուսումնասիրենք, թե էլ ինչպես կարող ենք օգնել։ Այսուհետ Բրազիլիան և Վենեսուելան միասնական են», - նախարարության ղեկավարի հայտարարությունն է մեջբերում հրատարակությունը՝ բոլիվարյան հանրապետության իշխանությունների հետ հանդիպման արդյունքներով։
«[Բրազիլական ֆինանսական կառույցների] ներկայացուցիչները նույնպես եկել են գնահատելու, թե ինչ կարելի է անել երկարաժամկետ հեռանկարում», - հավելել է Բրազիլիայի պաշտպանության նախարարը։
Ինչպես նշում է պորտալը, վենեսուելական քաղաքների վերականգնման ծրագրերը մշակելիս Բրազիլիան կօգտագործի 2023 թվականին բրազիլական Ռիու-Գրանդի-դու-Սուլ նահանգում տեղի ունեցած լայնածավալ ջրհեղեղների հետևանքների վերացման փորձը։ Բացի այդ, բրազիլական ֆինանսական հաստատությունները վենեսուելական ենթակառուցվածքների վերականգնմանը մասնակցելու գաղափարը համարում են հեռանկարային, քանի որ Բրազիլիան արդեն ունի Վենեսուելայում հաջողված բնակարանային նախագծերի փորձ Ուգո Չավեսի նախագահության տարիներին (1999-2013)։
Source: https://news.am/hy/news/1046997