Ներկայումս բաց ծովում կարող է գտնվել 58-ից 68 մլն բարել իրանական նավթ, ընդ որում բեռի ավելի քան 90%-ը չունի հստակ նշանակման կետ։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով սեփական հաշվարկներին և Vortexa վերլուծական ընկերության տվյալներին։

Գործակալության խոսքով՝ Թեհրանը ակտիվորեն գնորդներ է փնտրում այն պահից, երբ ԱՄՆ-ն 60 օրով դադարեցրել է իրանական նավթի հետ գործառնությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Նավթի մեծ մասը գտնվում է Պարսից ծոցում, Հնդկական օվկիանոսում կամ Սինգապուրի մոտ գտնվող Մալակկայի նեղուցում։

Հունիսի 22-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) հրապարակել է մի փաստաթուղթ, որը վկայում է, որ Միացյալ Նահանգները ընդհանուր լիցենզիա է տրամադրել իրանական նավթի և նավթամթերքների արտադրության, մատակարարման և վաճառքի համար։ Հունիսի 30-ին իսլամական հանրապետության Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել է, որ Իրանի իշխանություններին հաջողվել է արտահանել ավելի քան 40 մլն բարել իրանական նավթ արտերկիր՝ ԱՄՆ-ի կողմից ծովային ամբողջական շրջափակման վերացումից ի վեր։

Source: https://news.am/hy/news/1047345