Եվրամիությունը դիտարկում է ռուսաստանյան նավթի գնի սահմանափակման մեխանիզմի հերթական վերանայումից ժամանակավորապես հրաժարվելու հնարավորությունը՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության ֆոնին, որը ճնշում է գործադրում համաշխարհային էներգետիկ շուկաների վրա, հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով քննարկմանը ծանոթ աղբյուրներին։

Անցյալ տարի ԵՄ-ն ներդրել էր, այսպես կոչված, դինամիկ մեխանիզմը, որի համաձայն, ռուսաստանյան նավթի գնի առավելագույն շեմը պետք է ավտոմատ վերանայվի յուրաքանչյուր վեց ամիսը մեկ և սահմանվի Urals տեսակի ռուսաստանյան նավթի միջին շուկայական արժեքից 15% ցածր մակարդակով։

Ներկայումս գնի շեմը կազմում է մեկ բարելի դիմաց 44,10 դոլար, իսկ հերթական վերանայումը պետք է տեղի ունենա այս ամռանն՝ ավելի ուշ։ Սակայն Մերձավոր Արևելքում շարունակվող անկայունությունն ու դրա հետ կապված ռիսկերը համաշխարհային նավթի մատակարարումների համար եվրոպացի պաշտոնյաներին ստիպում են մտածել սահմանափակման գործող մակարդակը պահպանելու մասին։

Այսպիսի քայլի կողմնակիցների կարծիքով, շուկայի բարձր տատանողականության պայմաններում գնի շեմի փոփոխությունը կարող է հանգեցնել էներգետիկ շուկայում լրացուցիչ ցնցումների։

Վերջնական որոշում դեռ չի ընդունվել, սակայն քննարկումը վկայում է ԵՄ-ի աճող մտահոգության մասին՝ Մերձավորարևելյան ճգնաժամի հետևանքների կապակցությամբ գլոբալ նավթային շուկայի համար։

Source: https://news.am/hy/news/1039764