Ամերիկացի խոշորագույն ներդրող, մուլտիմիլիարդատեր Ուորեն Բաֆեթը դադարեցնում է բազմամյա գործընկերությունը Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամի հետ՝ Գեյթսի և ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի կապերի շուրջ Կոնգրեսի ուժեղացված ուշադրության և նոր բացահայտումների ֆոնին: Դրա մասին հուլիսի 15-ին հայտնել է Bloomberg գործակալությունը:
Berkshire Hathaway-ի տնօրենների խորհրդի ղեկավարը Գեյթսի հետ հանդիպել է Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում և քննարկել իր որոշումը: Բաֆեթը նշել է, որ Կոնգրեսի ստուգումների արդյունքում չի գտել այնպիսի տեղեկություն, որը դուրս կլիներ իր պատկերացումներից, և մատնանշել է, որ Գեյթսն ի վերջո դադարեցրել էր իր կապերը Էփշտեյնի հետ:
Միևնույն ժամանակ, Բաֆեթը լիովին չի հրաժարվել Microsoft-ի համահիմնադրի հետ ընկերությունից, թեև ստուգման արդյունքներն ու Էփշտեյնի հետ նրա կապերն անվանել է «տհաճ»: Նա նշել է նաև, որ չի ծրագրում վերսկսել նվիրատվությունները Գեյթսի հիմնադրամին, որին վերջին երկու տասնամյակի ընթացքում փոխանցել է ավելի քան 47 միլիարդ դոլար:
Բաֆեթը հայտարարել է, որ Գեյթսի հիմնադրամն ավելի շատ գումար է վաստակել, քան սպասվում էր, և որ ինքը վստահում է իր երեխաներին՝ սեփական կարողությունը տնօրինելու հարցում: Միլիարդատերն արագացրել է միջոցների փոխանցումն իր ընտանիքի հետ կապված չորս բարեգործական կազմակերպություններին՝ նրանց տրամադրելով շուրջ 6 միլիարդ դոլար արժողությամբ Berkshire-ի բաժնետոմսեր:
Source: https://news.am/hy/news/1050263