Ուկրաինայի զինված ուժերը հուլիսի 3-ի գիշերը հրթիռներով գրոհել են Բելգորոդը, հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից։ «Արկի ընկնելու հետևանքով զոհվել է խաղաղ բնակչուհի։ Էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հասցվել են լուրջ վնասներ», — նշել են օպերատիվ շտաբում։ Գրոհից հետո մի շարք մունիցիպալիտետներ մնացել են առանց լույսի և ջրի։ Բացի այդ, վնասվել է հինգ ավտոմեքենա։ Ինչպես նշել է քաղաքապետ Վալենտին Դեմիդովը, զոհված կինը հարվածի պահին մեքենայում էր։

Տեղի «Պեպել» պարբերականի տվյալներով՝ հարվածի տակ են հայտնվել «Հարավային» էլեկտրական ենթակայանը և «Էներգո» ՋԷԿ-ի տարածքում գտնվող էլեկտրական ենթակայանը։ Երկու օբյեկտներն էլ այրվում են, քաղաքի վերևում բարձրացել է սև ծխի սյուն։ Դրանից առաջ ուկրաինական զինվորականները ձմռանն ակտիվորեն հարվածում էին Բելգորոդի էներգետիկ օբյեկտներին՝ պատասխանելով Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտների դեմ Ռուսաստանի նմանատիպ հարվածներին։ Դրա պատճառով ավելի քան 320 հազար բնակչություն ունեցող քաղաքը պարբերաբար մնացել է առանց էլեկտրականության, ջեռուցման և ջրի։ «Մենք նրանց ասում էինք, որ նրանք պետք է հասկանան. եթե ուզում են մեզ համար բլեքաուտներ ստեղծել, մենք էլ ենք անելու նույնը», — գրոհները մեկնաբանել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նախօրեին՝ հուլիսի 2-ին, ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Կիևին։ Ուղիղ հարվածներ են հասցվել Ուկրաինայի մայրաքաղաքի մի քանի շրջաններում գտնվող բազմահարկ բնակելի շենքերին։ Ընդհանուր առմամբ վնասվել են շուրջ 20 տուն, հյուրանոցներ, շտապօգնության կայաններ և կենդանաբանական այգի։ Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ զոհվել է 30 մարդ, ևս մոտ 100-ը վիրավորվել է։ Ուկրաինայի զինված ուժերի Օդուժը հայտնել է, որ ռուսական բանակը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 570 միջոց, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ։ Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերին հաջողվել է խոցել դրանցից 524-ը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Կիևի դեմ գրոհն անվանել է պատերազմի սկզբից ի վեր ամենազանգվածայինը։ Հուլիսի 3-ը ուկրաինական մայրաքաղաքում հայտարարվել է սգո օր։

ՌԴ Պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ ռուսական զորքերը «բարձր ճշգրտության զենքով» և անօդաչու սարքերով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային՝ «ի պատասխան Ռուսաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքի դեմ կիևյան ռեժիմի ահաբեկչական հարձակումների»։ Ինչպես պնդել է ռազմական գերատեսչությունը, հարձակման հետևանքով խոցվել են ռազմարդյունաբերական ձեռնարկություններ և վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներ Կիևում, Կիևի մարզում, ինչպես նաև ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքը Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չերկասիի, Չեռնիգովի և Կիևի մարզերում։

Source: https://news.am/hy/news/1047550