Բելֆաստում տղամարդը մահացել է ավանդական տոնական խարույկից ընկնելուց հետո, որը պատրաստում էին «Տասնմեկերորդ գիշերվա» (Eleventh Night) ամենամյա միջոցառումների համար, հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանության աղբյուրին։

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան քաղաքի արևելյան Բրանիել շրջանում։ Մահացածը 40-ին մոտ տղամարդ էր՝ Ուորեն Լիթլը։ Ընկնելուց հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն շաբաթ օրը նա մահացել է ստացած վնասվածքներից։

Ոստիկանությունից հայտնել են, որ հուլիսի 11-ին տեղեկություն են ստացել հիվանդանոցում տղամարդու մահվան մասին։ Իրավապահները սկսել են տեղի ունեցածի հանգամանքների քննությունը, իսկ Հյուսիսային Իռլանդիայի աշխատանքի անվտանգության ծառայությունը տեղեկացվել է միջադեպի մասին։

Խարույկի կազմակերպիչները՝ Braniel Bonfire Committee-ն, Braniel Loyal Flute Band-ը և Braniel Community Group-ը, ցավակցություն են հայտնել մահացածի ընտանիքին։

«Մեր մտքերն ու խորին ցավակցությունները Ուորենի ընտանիքի, ընկերների և բոլոր նրանց հետ են, ովքեր ճանաչում և սիրում էին նրան։ Որպես համայնք՝ մենք կոտրված ենք այս ողբերգական կորստից», — ասվում է նրանց հայտարարության մեջ։

Մահացածի ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո կազմակերպիչները որոշել են խարույկը վառել նախապես նախատեսված ժամին։ Միջոցառման մեկնարկից առաջ մասնակիցներին խնդրել են մեկ րոպե լռությամբ հարգել Ուորենի հիշատակը։

«Տասնմեկերորդ գիշերվա» ավանդական խարույկները Հյուսիսային Իռլանդիայում ամեն տարի վառում են հուլիսի 12-ի Օրանժյան օրդենի շքերթներից առաջ։ Այս միջոցառումները նվիրված են 1690 թվականի Բոյնի ճակատամարտի տարելիցին, երբ բողոքական արքա Վիլհելմ Օրանացին հաղթեց կաթոլիկ արքա Հակոբոս II-ին։

Source: https://news.am/hy/news/1049353