«Բավի» թայֆունը հարվածել է Ճապոնիայի հարավային կղզիներին՝ իր հետ բերելով քամիներ և տեղատարափ անձրևներ։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Թայվանն ու Չինաստանի արևելյան շրջանները պատրաստվում են հզոր ցիկլոնի ժամանմանը. իշխանությունները հայտարարել են վտանգավորության բարձր մակարդակ և սկսել բնակիչների տարհանումը։
Օդերևութաբանական ծառայությունների տվյալներով՝ թայֆունի կենտրոնում քամու կայուն արագությունը հասնում է մոտ 144 կմ/ժ-ի։ Ակնկալվում է, որ շաբաթ օրը փոթորիկը կանցնի Թայվանից հյուսիս, որից հետո կուղղվի դեպի չինական Չժեցզյան նահանգ, որտեղ, ըստ կանխատեսումների, կարող է ցամաք դուրս գալ կիրակի վաղ առավոտյան։
Ճապոնական Օկինավա պրեֆեկտուրայի տեղական իշխանությունները բնակիչներին նախազգուշացրել են բարձր ալիքների, ուժգին քամու և փոթորկալից մակընթացությունների վտանգի մասին։ Անբարենպաստ եղանակի պատճառով տարածաշրջանում չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթ։ Ուժեղ քամիներն ու անձրևներն արդեն իսկ ազդել են մի շարք կղզիների, այդ թվում՝ Իսիգակիի վրա։
Թայվանում շաբաթ առավոտվա դրությամբ իշխանությունները հայտնել են առնվազն 36 տուժածի մասին։ Վնասվածքների մի մասը կապված է եղել մոտոցիկլետներով երթևեկելիս ճանապարհներին վայր ընկնելու հետ։ Վտանգավոր գոտիներից, այդ թվում՝ արևելյան Հուալյան գավառից և կենտրոնական Տայչժուն քաղաքից, տարհանվել է ավելի քան 14 հազար մարդ։ Երկրի շատ շրջաններում դադարեցվել է դպրոցների և պետական հաստատությունների աշխատանքը։
Չինաստանի արևելքում իշխանությունները նույնպես պատրաստվում են թայֆունի հետևանքներին։ Ֆուցզյան նահանգի Նինդե քաղաքի բարձր ռիսկայնության ափամերձ գոտիներից տարհանվել է ավելի քան 3700 բնակիչ։ Տարածաշրջանում պատրաստության վիճակում է գտնվում արտակարգ ծառայությունների ավելի քան 17 հազար աշխատակից։
Չինաստանի Ազգային օդերևութաբանական կենտրոնը թայֆունի պատճառով հայտարարել է վտանգավորության «նարնջագույն» մակարդակ, որը երկրորդն է չորս մակարդակից բաղկացած համակարգում։ Մի շարք շրջաններում կասեցվել է լաստանավերի երթևեկությունը, չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ և սահմանափակվել է արագընթաց գնացքների շարժը։
Բացի այդ, չինական իշխանություններն այս տարի առաջին անգամ հայտարարել են ուժգին անձրևների պատճառով վտանգավորության բարձրագույն՝ «կարմիր» մակարդակ։
Source: https://news.am/hy/news/1049227