Առնվազն 27 մարդ է զոհվել խոշոր հրդեհի հետևանքով, որը բռնկվել է լույս երկուշաբթի գիշերը Բանգկոկի հանրահայտ բարերից մեկում, հաղորդում է The Daily News-ը։
Եվս մի քանի տուժած հոսպիտալացվել է, հայտնել է Թաիլանդի վարչապետ Անուտին Չարնվիրակուլը, որը ժամանել է ողբերգության վայր։
Փրկարարների տվյալներով, հրդեհը սկսվել է կեսգիշերից քիչ առաջ։ Ականատեսները պատմել են, որ կրակը կայծակնային արագությամբ պատել է շենքը, իսկ այցելուները փորձել են փրկվել գլխավոր մուտքով։
Ըստ վարչապետի, երաժիշտը, որը միջադեպի պահին ելույթ էր ունենում բարում, հայտնել է, որ հրդեհը սկսվել է էլեկտրական վահանակի հատվածում։ Այնուհետև տեղի է ունեցել պայթյուն, որից հետո տարածքը արագ լցվել է ծխով և կրակով։
«Շատերը չեն կարողացել դուրս գալ։ Նրանք վազել են շենքի հետնամաս և փորձել են զուգարաններում պատսպարվել ծխից ու կրակից։ Հենց այնտեղ էլ մենք հայտնաբերեցինք զոհվածների մեծ մասին», — պատմել է Չարնվիրակուլը։
Հրշեջներին հաջողվել է մոտ 30 րոպեում տեղայնացնել հրդեհը։ Մարման աշխատանքներից հետո շենքի ներսում հայտնաբերվել են ամբողջությամբ այրված տարածքներ՝ փլուզված առաստաղով։
Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով, մի քանի մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Հրդեհի պատճառները պարզվում են, ընթանում է հետաքննություն։
Source: https://news.am/hy/news/1049437