Թեհրանի միջուկային ծրագրին և միջազգային պատժամիջոցների չեղարկման կարգին վերաբերող ձևակերպումների շուրջ տարաձայնությունները մնում են հակամարտության դադարեցման վերջնական համաձայնագրի ստորագրման ճանապարհի գլխավոր խոչընդոտը։ Դրա մասին հայտնում են ԱՄՆ պաշտոնատար անձինք՝ պահպանելով զգույշ լավատեսություն վեճերի շուտափույթ հանգուցալուծման վերաբերյալ, հաղորդում է CNN-ը։

Միջնորդների համար դրական ազդանշան դարձավ երկուշաբթի իրանական պատվիրակության ժամանումը Կատար, որի կազմում ընդգրկված էին Թեհրանի բանակցային խմբի բարձրաստիճան մասնակիցներ։ Ամերիկյան կողմն ընդգծել է Դոհայի կարևոր դերը որպես միջնորդ քննարկման այս կրիտիկական փուլերում։

Վաշինգտոնի հիմնական պահանջը Իրանից ամուր և իրավաբանորեն ամրագրված պարտավորությունների ստացումն է։ Սպիտակ տունը պնդում է, որ Իրանն ամբողջությամբ ոչնչացնի բարձր հարստացված ուրանի իր պաշարները և պաշտոնապես հրաժարվի միջուկային զենքի ցանկացած մշակումից։

Ըստ ամերիկացի դիվանագետների՝ անցած կիրակի Թեհրանը սկզբունքային համաձայնություն է հայտնել այս կետերին։ Սակայն ավելի ուշ իրանական կողմը հայտարարել է, որ միջուկային ծրագրի մանրամասն քննարկումը պետք է դուրս բերվի ընթացիկ համաձայնագրի շրջանակից և տեղափոխվի բանակցությունների ապագա փուլեր։

«Սա ընթացիկ երկխոսության գլխավոր խոչընդոտներից մեկն է։ Բանակցություններում իրավիճակը փոխվում է բառացիորեն ամեն րոպե»,- մեկնաբանում է իրավիճակը տարածաշրջանային աղբյուրը, որը ծանոթ է փակ հանդիպումների ընթացքին։

Դիվանագիտական փակուղու հետնապատկերին Իրանը շարունակում է ակտիվորեն պնդել անհապաղ ապասառեցնել իր արտասահմանյան ակտիվներն ու տնտեսական պատժամիջոցների չեղարկման երաշխիքներ տալ, որոնք անհրաժեշտ են լճացող ազգային տնտեսությանն աջակցելու համար։

Սակայն ԱՄՆ դիրքորոշումը մնում է անդրդվելի. Վաշինգտոնը բացառում է ցանկացած ֆինանսական օգնության տրամադրում, քանի դեռ Թեհրանը միջուկային հարցում իրական առաջընթաց ցույց չի տվել։

Ամերիկյան դիվանագիտական շրջանակներում այս հանգստյան օրերին նույնիսկ ամրապնդվել է ոչ պաշտոնական կարգախոս. «Չկա փոշի՝ չկան դոլարներ» (No dust, no dollars)։ Սա ուղղակի ցուցում է առ այն, որ Սպիտակ տունը չի ստորագրի իրանական փողերի ապաշրջափակման փաստաթղթերը, քանի դեռ Թեհրանը փաստացի չի ոչնչացրել բարձր հարստացված ուրանի կուտակված պաշարը, որի քաշը կազմում է մոտ 450 կգ։

Source: https://news.am/hy/news/1038279