Բահրեյնը շաբաթ օրը Իրանին մեղադրել է կղզի-պետության վրա անօդաչու թռչող սարքերով նոր հարձակում իրականացնելու մեջ, հայտնում է «Associated Press» լրատվական գործակալությունը։

Բահրեյնի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ «իրանական մի քանի անօդաչու թռչող սարքեր» թիրախավորել են երկրի տարածքը։ Թե կոնկրետ որ օբյեկտներն են եղել թիրախը, չի հստակեցվում։

Հարկ է նշել, որ Բահրեյնում է տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը։

Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Իրանի ափամերձ շրջաններին ԱՄՆ-ի հասցրած հարվածների։

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները պնդում էր, որ Իրանին հարվածել է ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա կատարված հարձակման։

Source: https://news.am/hy/news/1046298